Հասարակություն 

Արցախում միասնական քննություններին կմասնակցի 803 դիմորդ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս ուսումնական տարվա 1255 շրջանավարտներից միասնական քննություններին հայտագրվել է 803 դիմորդ, որը կազմում է շրջանավարտների ընդհանուր թվի 64 տոկոսը:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂՀ ԿԳ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ըստ առարկանների ամենաշատ դիմորդներ հայտագրվել են Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից՝  528 հոգի, իսկ ամենաքիչ թվով հայտագրումներ են եղել Ընդհանուր պատմություն առարկայից՝ 16 դիմորդ:

 

Հայտնի են նաև միասնական քննությունների անցկացման ժամանակացույցն ու քննական կենտրոնները: Ինչպես հայտնել է ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը, միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին՝ Կենսաբանություն և Աշխարհագրություն առարկաներից, հունիսի 5-ին կանցկացվի Հայոց լեզու և հայ գրականություն առարկաների քննությունը, հունիսի 9-ին՝ Ֆիզիկայի, հունիսի 12-ին՝ Անգլերենի, հունիսի 16-ին՝ Մաթեմատիկայի և հունիսի 19-ին կանցկացվեն Հայոց պատմություն և Քիմիա առարկաների քննությունները: Հունիսի 23-ին Ռուսաց լեզվի քննությամբ կավարտվեն միասնական  քննությունները:
 


ԳԹԿ տնօրենի հաղորդմամբ՝ միասնական քննությունները կանցկացվեն 6 քննական կենտրոններում՝ Արցախի պետական  բուհում,  Գրիգոր Նարեկացի համալսարանում, Ստեփանակերտի N 1, 2, 7  և 11 դպրոցներում:

 

Մինչև մայիսի 25-ը, ըստ քննակենտրոնների և առարկանների բաշխվածության, բոլոր դիմորդներին կտրամադրվեն քննական անցաթղթեր: Յուրի Քարամյանը մտահոգում  է այն հանգամանքը, որ չնայած մայիսի 5-ից հայտարարվել է բուհերի ընդունելության փաստաթղթերի  ներկայացնելու գործընթացի մեկնարկը, սակայն մինչ այժմ դրա տեմպերը շատ դանդաղ են  ընթանում: ԳԹԿ տնօրենն ընդգծել  է, որ անհրաժեշտ է ժամանակին բուհեր հանձնել համապատասխան փաստաթղթերը՝ հետագայում հերթերից խուսափելու համար  և հավելել, որ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված մինչև մայիսի 30-ը ներառյալ:

Նույն շարքից