Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով երեխաների պաշտպանության մասին, հատկապես այն երեխաների, ովքեր ծնողական խնամքից զուրկ են, ասաց, թե պետք է այնպես անել, որ նրանք տարբերություններ չզգան:
«Բևեռացում կա, հատկապես սահմանային համայնքներում, կան անբարենպաստ ընտանիքի երեխաներ, որոնք զրկանքներով են մեծանում, և նրանց կողքին կան այնպիսի ընտանիքներ, որոնք ամեն ինչ անում են իրենց երեխաներին ամեն ինչով ապահովելու համար»,-ասաց Գեղանուշ Գյունաշյանը:
Նրա խոսքով՝ բոլոր այն մարդիկ, ովքեր երկրի, մարդկության համար չարիք են դառնում, նրանք մանկության տարիներին տրավմաներ են ունեցել: «Դրա համար պետք է այնպես անենք, որ լուսավոր լինի մեր երեխաների մանկությունը»,-ասաց բանախոսը:
Սոցապնախարարության աշխատակցի հաղորդմամբ՝ մանկական աղքատությունը խորանում է այն ընտանիքում, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ: Այդպիսի ընտանիքներում ծնողները չեն կարողանում աշխատել, և տվյալ ընտանիքում աղքատությունը խորանում է:
«Սա խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում»,-ասաց նա:
Այլընտրանքային խնամքի կենտրոնների մասին խոսելով էլ՝ Գեղանուշ Գյունաշյանն ասաց, թե պետական մանկատներում խնամվող երեխաների 70%-ը հատուկ հաստատություններում հաշմանդամ երեխաներն են:
«Հատուկ տիպի հաստատություններում երեխաներն ունեն բազմակի արատներ: Առողջ երեխաներ կան ընդամենը 3 մանկատներում՝ Գավառում, Վանաձորում և Նորքի մանկատանը: Շատ տխուր է վիճակագրությունը, բայց վերջին տարիներին մանկատներ ուղեգրվում են բազմակի արատներով, հաշմանդամություն ունեցող երեխաներ»,-ասաց Գեղանուշ Գյունաշյանը: