Մայրաքաղաքում «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով նշվող Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առաջին շնորհավորանքներն ու նվերները երևանցի ամենափոքրիկներն են ստացել, մասնավորապես, Երևանի «Սուրբ Աստվածածին» և «Գրիգոր Նարեկացի» ծննդատներում լույս աշխարհ եկած նորածինները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նոր մայրացած կանանց՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նրանց է հանձնել նաև նորածինների նվերները։ Մայրացած կանայք շնորհակալություն են հայտնել հաճելի անակնկալի, ուշադրության և հոգատարության համար։