Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Հայաստանում հավատարմագրված ավելի քան 30 դիվանագետների կանայք, «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում էին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կանայք նախ այցելել են ծննդատուն, շփվել մայրերի, զրուցել բժիշկների հետ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տիկին, «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանի գնահատմամբ՝ նման այցերը շատ կարևոր են, քանի երեխան պետք է պաշտպանված լինի հենց ծննդյան օրվանից:
«Շատ կարևոր է, որ այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը փոքրիկներին այցելության եկան նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանայք: Մենք մի քանի տարի առաջ էլ էինք այցելել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, և կարող եմ ասել, որ փոփոխություններն ու զարգացումը իսկապես ակնհայտ են»,- ասաց Նատալյա Նալբանդյանը:
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի կինը` Ելենա Կուխտան էլ շեշտում է, թե իսկական երջանկություն է այցելել ծննդատուն և տեսնել նորածինների:
«Նրանք այնքան գեղեցիկ են, նրանց մայրերն այնքան երջանիկ են: Ես անգամ հուզվեցի այդ տեսարանից»,- ասաց Կուխտան: