«Արցախ» հայրենակցական միությունը կոչ է անում աշխարհի բոլոր հայերին պարբերաբար այցելել Արցախ, ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Արցախում:
«Արցախ» հայրենակցական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ճակատագրի բերումով մեծաթիվ բնիկ արցախցիներ այսօր ապրում են ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլև արտերկրում և, մանավանդ, հետխորհրդային տարածքներում: Մեր հայրենակցական միությունն էլ դրա արդյունքն ու վկայությունն է: Բայց մեզնից յուրաքանչյուրը, որտեղ էլ որ ապրի, միևնույն է, մնում է հավատարիմ իր նախնիների հողին, միշտ կարոտով ու երջանկության զգացումով է հիշում իր փոքր հայրենիքը: Այստեղ հողի յուրաքանչյուր քառակուսին անսահման հերոսությամբ, թասիբով, քրտնաջան աշխատանքով ու հարուստ պատմությամբ է ճառագում: Ըստ մոտավոր հաշվարկների, այսօր աշխարհում ապրում է մոտ կես միլիոն արցախցի: Արտերկրում արդեն ծնվել են նորանոր սերունդներ: Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բազում արցախցի պատանիներ կան, որ երբևէ չեն եղել իրենց նախնիներ հողում:
Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին պարբերաբար այցելել Արցախ, ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Արցախում: Վստահեցնում ենք, լավագույն հանգստի համար Լեռնային Ղարաբաղում իսկապես կան բոլոր անհրաժեշտ ժամանակակից պայմանները:
Մեր կոչը հատկապես ուղղված է ծագումով արցախցիներին: Չկա աշխարհում ավելի մեծ ուժ, քան հայրենի հողի ուժն է: Այդ հզոր ուժով լիցքավորվելը մեզ բոլորիս դարձնում է ավելի միասնական և անպարտելի: Ով-ով, բայց մենք շատ լավ գիտենք Արցախ աշխարհի գրավչությունը, գեղեցկությունը, պատմական հարստությունն ու կարևորությունը: Մեր համոզում է, որ ղարաբաղցիների այցելությունները Արցախ պետք է դառնան ոչ միայն պարբերական, այլև պարտադիր: Արցախում անցկացրած ամեն օրը հիշվելու է որպես տոն, և վերադառնալու եք ավելի հայացած ու ավելի հարստացած:
Տարեկան մեկ շաբաթ Արցախում՝ հօգուտ փայլուն հանգստի, հօգուտ մեր զավակների դաստիարակության և հանուն Արցախի. ահա նշանաբանը, որ մենք առաջարկում ենք»: