BBC-ի լրագրողը ներողություն է խնդրել Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի հոսպիտալացման մասին սուտ տեղեկատվություն տարածելու համար, հաղորդում է «Telegraph»-ը:
Հիշեցնենք, որ BBC-ի լրագրող Ահմեն Խավաջան սխալմամբ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե Ելիզավետա Երկրորդը հոսպիտալացվել է:
Լրագրողը ներողություն է խնդրել այդ գրառման համար և անմիջապես ջնջել է հրապարակված հաղորդագրությունը. «Կեղծ ահազանգ: Ջնջել եմ նախորդ թվիթները: Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին տխրեցրել եմ»,- գրել Խավաջան:
Բուքինհեմյան պալատից միևնույն ժամանակ հաղորդել են, թե թագուհին այսօր առավոտյան իր տարեկան ստուգման նպատակով գնացել էր հիվանդանոցը, որը նախօրոք պլանավորված այցելություն էր: Պալատից նաև հայտնել են, որ թագուհին արդեն դուրս է եկել հիվանդանոցից:
Telegraph-ը նշում է, որ թագուհու հիվանդության մասին տեղեկատվությունը պատահաբար հրապարակվել է թագուհու մահվան դեպքում լրագրողների գործողությունների փորձի ընթացքում, որը պարբերաբար անցկացվում է BBC-ի աշխատակիցների կողմից: