Հայաստան Տնտեսություն 

ՀՀ տրանսպորտի նախարարը և ՉԺՀ-ի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ։

 

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։

 

Հանդիպմանը անդրադարձ է եղել մարտի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցին Չինաստան, որտեղ քննարկված մի շարք հարցերի թվում էին նաև հայ-չինական հնարավոր համագործակցությունը Հայաստանում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերում։

 

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ չինական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում ընդգրկվելու համար։ Հայկական կողմն ակտիվ աշխատում է չինական ընկերությունների հետ՝ երկաթուղային, ավտոմոբիլային և այլ ոլորտներում ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, ինչը Չինաստանի համար կարևոր նշանակություն ունի Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում։

Դեսպանի խոսքերով՝ վերջին շրջանում չինացի գործարարների հետաքրքրությունը աճել է Հայաստանում ներդրումներ կատարելու և տեղական ծրագրերին մասնակցելու առումով։

 

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Չինաստանի նախագահների կողմից տրված հանձնարարությամբ՝ առաջիկայում պետք է կայանա հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ կհստակեցվեն այն ոլորտները, որոնցում հայկական կողմը ցանկանում է համագործակցել Չինաստանի հետ։

 

Քննարկվող հարցերի թվում կլինեն նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիրը», ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի ոլորտը։

 

Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:

 

Նույն շարքից