Առողջապահություն Հասարակություն Հարցազրույց 

Հայաստանում գերակշռում է քթի պլաստիկ վիրահատությունը. Արտավազդ Սահակյան

analitik.am

Հայաստանում թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ հիմնականում պլաստիկ վիրաբույժներին դիմում են՝ քթի արտաքին տեսքը փոխելու համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը և ներկայացրեց, թե Հայաստանում տարիքային որ խումբը մարմնի որ մասն է նախընտրում փոփոխել:

«Դեռահասության շրջանում հիմնականում ականջներն են ուղղում, բնածին արատները՝ նապաստակի շուրթ և այլն: 16-20 տարեկանում հիմնականում պլաստիկ վիրահատում են քիթը: Դրանից հետո արդեն ավելի շատ դիմում են մարմնի կոնտուրների շտկման ու գեղեցկացման համար՝ լիպոսակցիա, լիպոֆիլինգ, այսինքն՝ ճարպի տեղափոխություն»,-ասաց նա:

Բժիշկ Սահակյանը նշեց, որ Հայաստանում այսօր կա մի խավ, որը փորձում է երկարացնել ստորին վերջույթները՝ ոտքերը, ինչպես նաև՝ ուղղել սրունքների կորությունը: Շատ են այն կանայք, ովքեր դիմում են պլաստիկ վիրաբույժներին՝ կուրծքը մեծացնելու կամ ձգելու համար:

«Սա բնական է, որովհետև կնոջ մարմնի ամենահրապուրիչ մասերից մեկը հենց կուրծքն է: 40 տարեկանից բարձր կանայք դիմում են մեզ նաև՝ որովայնի տալյայի ստեղծման, հեշտոցի նեղացման, ամոթաշուրթերի պլաստիկայի, ինչպես նաև՝ դեմքի կնճիռների վերացման համար»,-ասաց նա:

Արտավազդ Սահակյանը նշեց, որ դեմքի կնճիռների վեացման համար պլաստիկ վիրաբույժների օգնությանն են դիմում նաև գործարար տղամարդիկ:

«Ինտիմ շրջանում որոշակի պլաստիկ միջամտությունների համար դիմում են նաև տղամարդիկ: Հայաստանում արդեն տղամարդիկ էլ են դիմում որովայնի պլաստիկայի համար»,-ասաց նա:


Սկզբնաղբյուրը՝ Tert.am

Նույն շարքից