Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

«Զիս»... Ինչու՞ և ու՞մ համար...

analitik.am

Այսօր շատ հաճախ ամենատարբեր վայրերում կարող ես տեսնել փակցված հայտարարություններ, որոնք հրավիրում են սովորելու։ Ահա այդպես էլ աչքովս ընկավ մի հայտարարություն․ «Զիս» թատրոն-ստուդիա, 14 տարեկանից բարձր անձանց ընդունելություն, ուսման տևողությունը 2 տարի, խումբը բաղկացած է 10 հոգուց։ Միանգամից հետաքրքրություն առաջացրեց։ Նախ շատ հետաքրքրեց ստուդիայի անվանումը՝ «Զիս», թե ինչու՞ Զիս, ի՞նչ է նշանակում և ի՞նչ կապ ունի այն առհասարակ թատրոնի հետ։ Մտածեցի՝ գուցե թատերական ինչ-որ տերմին է, որ ես չգիտեմ։ Հետո նաև գրավեց այն, որ խումբը բաղկացած է ընդամենը 10 հոգուց, այսինքն 11-րդի համար ստուդիայի դռները փա՞կ են։ Որոշեցի այս հարցերի պատասխանները ճշտել հենց գեղարվեստական ղեկավարից՝ Ռիտա Խալաթյանից․

«Ինչու՞ Զիս, գիտեմ որ փոքր ինչ տարօրինակ է ու անսովոր։ Ինձ համար թատրոնը նախևառաջ դերասանն է և ոչ թե շինությունը։ Դերասանը որպես անհատականություն շատ կարևոր է, ինչը նշանակում է, որ կարևոր են նրա պաշտպանված իրավունքները, պահանջները և առհասարակ վերաբերմունքը նրա հանդեպ՝ որպես ստեղծագործողի։ Դերասանը, որպես անձ պետք է շատ գնահատված լինի, իսկ մարդու Էգոն առավել ընդգծվում է «ինձ» դրանունով։ «Զիս»-ը դա «ինձ» դերանվան արևմտահայերեն է, քանի որ արևմտահայերենը համարում եմ առավել մաքուր ու տիեզերական լեզու։

Խումբն էլ բաղկացած է ամենաշատը 10 հոգուց, որովհետև կարևոր է, որ հանկարծ ոչ ոք աչքաթող չլինի ու քանակի հաշվին չտուժի որակը։ Որակը մեզ համար առաջնային է»։

Դե ինչ, եթե որակն առաջնային է, ուրեմն հուսանք, որ «Զիս» թատրոն-ստուդիան իսկապես կառանձնանա իր որակով, այլապես հաճախ ենք հանդիպում ամպագորգոռ բառերի ու փայլուն ապագա խոստացող գովազդային հոլովակների, իսկ արդյունքու՞մ․․․ Արդյունքում օրեցօր ծլող ուսումնական հաստատություններ, որոնք ստեղծվում են զուտ գումար աշխատելու նպատակով․ շատ ուսանողներ, հետևաբար նաև շատ գումար։ Իսկ կրթությու՞նը․․․ Թերևս սխալ են հասկացել հույն փիլիսոփա Սոկրատեսին «Ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ, ուրիշները դա էլ չգիտեն․․․»:

Ռ. Մխիթարյան

Նույն շարքից