Հասարակություն Հարցազրույց Քաղաքականություն 

Ինչպե՞ս են նշում Մայիսի 1-ը «գործարար» պատգամավորները

analitik.am

Ոչ վաղ անցյալում մայիսի մեկը՝ Աշխատավորների համերաշխության միջազգային տոնը, Հայաստանում նշվում էր մեծ շուքով, սակայն ժամանակի ընթացքում այն կարծես կորցրել է իր բուն իմաստը: Այսօր մեծ ոգևորությամբ են անդրադառնում տվյալ օրվան միայն Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: Ներկայումս սա տոն է առանց տոնակատարության, քանի որ մեր երկրում գործազրկությունը գնալով աճում է, իսկ աշխատեղերը վերածվում  են ծանոթ-բարեկամների հավաքատեղիի:


Analitik.am-ը շնորհավորելով ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ հետաքրքրվեց, թե ի՞նչ նշանակություն ունի այս օրը նրանց համար:


Արագած Ախոյան. «Նախ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ձեզ, քանի որ հաճախ լրագրողները չեն ցանկանում դուրս գալ լրագրողական նեղ շրջանակներից: Գտնում եմ, որ տվյալ հարցը շատ կարևոր է և նոստալգիկ, մենք չպետք է մոռանանք, որ այսօր աշխատավորության տոնն է: Ես որպես շինարար, ով աշխատել է Խորհրդային հասարակարգի ժամանակահատվածում, շնորհավորում եմ բոլորիս տվյալ օրվա կապակցությամբ: Մենք տեսնում ենք, որ Խորհրդային ժամանակներում հռչակված տոները այսօրվա դրությամբ փորձում են դուրս մղվել, սակայն ես կնշեմ, որ դրանք ավելորդ ջանքեր են, այդ տոները դեռ երկար են նշվելու»:


Իսկ այն հարցին, թե ի՞նչ անակնկալ է մատուցել իր աշխատողներին օրվա կապակցությամբ, պատգամավորը պատասխանեց. «Գիտեք, անակնկալ մենք ամեն անգամ մատուցում ենք, մեր անակնկալը մեր վերաբերմունքն է աշխատողներին: Ինքս աշխատողներ չունեմ, քանի որ պատգամավոր եմ և իմ բիզնեսը տրված է կառավարման: Իմ տղան տոնի հետ կապված դիմել է ինձ և ես ասել եմ, ինչպես հարկն է շինհրապարակների աշխատողներին, պահակներին  և այլոց կպատվեք»:


ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի մոտ տվյալ տոնը լավ հիշողություններ արթնացրեց. «Այս տոնն ինձ մոտ սկսվեց մանկական տարիներից, մինչ օրս լավ ասոցիացիաներ է առաջացնում: Պետք է նշեմ, որ անգամ փոքր տարիքում սիրով ու մեծ հաճույքով շքերթներին էի հետևում: Գարնանային լավ տոն ու առիթ է, որպեսզի մարդիկ մի քանի օր հանգստանան և իրենց մտերիմների, հարազատների հետ ժամանակ անցկացնեն»:


Նա նաև հավելեց. «Ժամանակին իմ աշխատանքային ընկերների հետ շատ հետաքրքիր ձևով էինք անցկացնում այս տոնը՝ ընտանիքներով հավաքվում և քաղաքից դուրս էինք գնում՝ Դիլիջան, Ծաղկաձոր… Անգամ դեպքեր են եղել, երբ մի քանի ավտոբուսներով ենք գնացել հանգստանալու: Բավական հետաքրքիր ժամանակ էինք անցկացնում, սակայն ներկայումս ես նրանց խնջույքներին չեմ մասնակցում: Հիմա իմ ազատ ժամանակն անց եմ կացնում ընտանիքիս կամ ընկերներիս հետ: Գիտեք, որ չեմ զբաղվում կառավարումով»:


ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ռուբեն Սադոյանը, գտնում է, որ. «Եթե տոնը վերաբերում է աշխատավորներին, ինչպես կարող է լավ նշանակություն չունենալ մեզ համար: Մենք բոլորս աշխատավոր ենք»:


Սակայն լսելով հաջորդ հարցը, թե ի՞նչ անակնկալներ է մատուցել իր աշխատողներին, պատգամավորը հանկարծակի հիշեց, որ հյուրերի հետ նստած է և իրեն հարմար չէ պատասխանել մեր կողմից ուղղված հարցերին:

 

Լիլիթ Կարապետյան

Նույն շարքից