Հարցազրույց Հասարակություն Տնտեսություն 

Իմ հեռանալուց հետո շատ բան չի փոխվել … . «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր

Ասում են՝ բիզնեսում փորձն այնքան կարևոր է, որքան գրագիտությունը: Բիզնեսմենները առաջին մարդկանցից են, ովքեր իրենց գրպանի վրա են զգում տվյալ երկրում օրենքների և տնտեսական դաշտի յուրաքանչյուր փոփոխություն: Analitik.am-ի զրուցակիցը «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանն է, ով 3 տարի առաջ հեռացավ Հայաստանից  իշխանությունների հետ բիզնեսում ծագած խնդիրների պատճառով: Նա հեռացավ՝ հայտարարելով, որ իշխանությունները  հարկային ճնշումներով, իրենց հարկադիր կատարողական ծառայության միջոցներով, ոչ արդար մրցակցությամբ «սպանում են» երկրի տնտեսությունը: Ներկայում նա, իր ընտանիքի հետ, ապրում է Փարիզում:


-         Տկն  Գործունյան,  երբ հեռացաք, համոզված էիք, որ բիզնեսի ոլորտը Հայաստանում առողջ չէ: Գիտեմ, որ հիմա էլ ուշադիր հետևում եք հայաստանյան զարգացումներին: Այս տարիներին, ըստ Ձեզ, այստեղ ինչ-որ բան փոխվե՞լ է:

 

-         Այո, հեռացել եմ Հայաստանից, բայց հետևում եմ իրադարձությունների: Ինձ թվում է՝ շատ բան չի փոխվել իմ հեռանալուց հետո, որովհետև նույն օլիգարխիկ համակարգն է, նույն կաշառակերությունը, անարդարությունը, սահմանափակությունը:  Այդ ամենը կա ու կմնա, եթե արմատական փոփոխություններ չլինեն: Երկիրը շատ դժվար վիճակում  կմնա:

 

-         Ձեր գնալով՝ Հայաստանի տնտեսությունը կորցրեց ներդրողի: Այսօր էլ վիճակագրությունը ցույց է տալիս, որ  50 %-ով նվազել են օտարերկրյա ներդրումները, այսինքն՝ մեր երկիրը սկսել է քիչ հետաքրքրել ներդրողներին: Ըստ Ձեզ՝ ինչու ՞  արտասահմանցիները չեն ցանկանում մեր երկրում ներդրումներ կատարել:

 

-         Պատճառները նրանք են, որոնք նշեցի առաջին պատասխանում: Գիտեք, երբ ես 1995 թվականին Հայաստան եկա, մեծ հայրենասիրությամբ եկա: Հույս ունեի, որ նոր հայրենիք է, նոր պետություն, հայրենասիրություն, բայց … երբ տեսա՝ ինչպես պետությունն ինձ և իմ ընտանիքի հետ վարվեց՝ մոռանալով ամեն ինչ … Ու ես հեռացա: Հիմա չեմ զարմանում, որ քիչ ներդրողներ կան հայաստանյան տնտեսության իրական հատվածում: Օտարերկրյա ներդրողը տեսնում է շուկան, տեսնում է արտագաղթը: Հայաստանի շուկան մեծ չէ, ու արտագաղթին զուգահեռ՝ նվազում է սպառողների թիվը: Թուրքիայի հետ սահմանն է փակ, դա էլ է մեծ խնդիր, իշխանությունն  է կաշառակեր, որը միշտ իր շահերն է պաշտպանում և միշտ պետք է շահ ունենա, որ քեզ հանգիստ թողնի: Ուրեմն՝ շատ տրամաբանական է, որ օտարերկրյա ներդրողները պակասում են: Հայրենասերներն էլ, ովքեր իրենք հայրենիքում ներդրումներ են կատարում, արդեն տեսնում են այս իրականությունը:

 

-         Ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունն, ըստ Ձեզ, որ արտասահմանցիները ցանկանան  ավելի շատ ներդրումներ կատարել մեր երկրում:

 

-         Կարծում եմ, որ մեզ նոր պետություն՝ կառավարություն է պետք, որն իրականում կաշխատի երկրի շահերի համար: Առաջնահերթությունը օրենքին պետք է տրվի: Պետությունը ներդրողին պետք է երաշխավորի, որ մեր շուկայում տնտեսական արդար մրցակցություն  կինի, հարկերը հավասարաչափ են կգանձվեն բոլորի դեպքում, շահագրգռող հարկեր կսահմանվեն նորդրողների համար, կվերանա մենաշնորհը շուկայում ու արտագաղթ չլինի: Եթե այս ամենը ապահովվի, կարծում եմ, ներդրողները կգան Հայաստան:

 

-         Իսկ Դու՞ք:

 

-         Եթե այն ամենը, ինչ թվարկեցի, ապահովվի Հայաստանում, այո ՝ մեծ սիրով կգամ: Ես Հայաստանը շատ եմ կարոտում: Եթե արդարություն լինի, անպայման կգամ:

 

-         Գիտեմ, որ Ֆրանսիայում եք ապրում: Այդտեղ բիզնեսով զբաղվու՞մ եք:

 

-         Առաջ զբաղվում էի, հիմա՝ ոչ: Հայաստանից հեռանալուց հետո ինձ համար այստեղ բավական ծանր էր, քանի որ հայրենիքիցս շատ վիրավորված էի հեռացել: Ինձ ժամանակ էր հարկավոր՝ ինքս ինձ վերագտնելու համար: Ուզում եմ բիզնեսով զբաղվել, բայց արդեն մի քիչ մեծ եմ և ամեն ինչի մասին արդեն ավելի շատ եմ մտածում, տեսնենք… :

 

-         Իսկ Ֆրանսիան բիզնեսմենի համար նպաստավո՞ր երկիր է:

 

-         Ինչպես ամբողջ Եվրոպան, Ֆրանսիան ևս այսօր տնտեսական դժվարությունների առաջ է կանգնած: Այստեղ հարկերը շատ են, բայց գոնե օրենքը գործում է և հարգվում: Մեծ երկիր է՝ մեծ բնակչությամբ:

 

-         Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք հայ  բիզնեսմեններին:

 

-         Խորհուրդ չեմ կարող տալ, միայն կարող եմ մաղթել, որ փոխվի մեր երկրի վիճակը, լինենք հարգված պետություն հարևանների և ամբողջ աշխարհի կողմից:  Մեր շուկան հետաքրքիր դարձնենք, որ կարողանանք նորից արտադրություն ստեղծել և աշխատանք մեր հայերի համար, որ չարտագաղթեն այլ երկրներ իրենց գոյությունը պաշտպանելու համար:

 

Հարցազրույցը՝ Սեդա Հերգնյանի

Նույն շարքից