«Մենք ենք մեր երկրի վաղվա տերերը. Ես միանում եմ, իսկ դո՞ւ» նախաձեռնող խմբի հիմնադիր Հովհաննես Նիկողոսյան.
Հովհաննես ջան, մի փոքր պատմեք Ձեր մասին:
Ծնվել եմ 1998 թվականին, Արարատի մարզում, և մինչ այսօր ապրում եմ այնտեղ: Սովորում եմ Երևանի Տարածաշրջանային թիվ մեկ պետական քոլլեջում, ռեժիսուրայի բաժնում: Թերևս այսքանը:
Հովհաննես, խնդրեմ ասեք, ինչո՞ւ այսպիսի մտահղացում առաջացավ Ձեզ մոտ կապված նախաձեռնության հետ:
Հայ հասարակությանը քաջ հայտնի է, որ թշնամին արդեն մի քանի ամիս է կրակահերթերով և նույնիսկ ծանր զենքից կրակ է բացում Հայաստանի խաղաղ բնակչության վրա, որի պատճառով կան անմեղ զոհեր և վիրավորներ: Երբեմն թշնամուն հաջողվում է թափանցել սահմանից ներս. այս պայմաններում մենք լռել չենք կարող և կապ չունի մենք նախաձեռնող խմբի անդամներս քանի տարեկան ենք, չէ՞ որ մենք ենք մեր երկրի վաղվա տերերը: Եվ հենց այսօրվանից պետք է ներուժով տեր կանգնեք մեր երկրին:
Ո՞րն է շարժման նպատակը:
Շարժման ակտիվով մենք պետք է այցելենք սահմանապահ զինվորներին, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Հնարավորությունների սահմաններում մեր կողմից կցուցաբերվի որոշ բարեգործական գործառույթներ:
Ի՞նչ եք ուզում սրանով հասնել:
Ամենակարևորը բարձրացնել մեր մատաղ սերնդի հայրենասիրական ոգին: Յուրովի համախմբել Հայաստանը Սփյուռքի և Արցախի ժողովրդի հետ:
Համացանցում լուրեր են տարածվել, որ դուք մոտ օրերս ճամբար եք կազմակերպում: Ո՞րն է նպատակը ճամբարի:
Նախ և առաջ մի փոքր հանգստանալ ամառվա այս շոգին, և երկրորդը պարբերաբար շփումների շնորհիվ հասկանալ, թե ինչ ենք անում հետագայում:
Եվ վերջին հարցը, ո՞րն է Ձեր կյանքի ամենակարևոր նպատակներից մեկը:
Պիտանի մարդ լինել հայրենիքիս և 18 տարեկանս լրանալուն պես անմիջապես ծառայել Հայոց բանակին:
Սկզբնաղբյուր՝ WWW.hartak.am