Մշակույթ Հարցազրույց Հասարակություն 

Հանրությունը չի կարող պահանջել վատ երաժշտություն, դա հորինված թեզ է. Վահան Արծրունի

Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին օրեր առաջ ներկայացրեց իր նոր ձայնասկավառակը, որը ներառում է կենդանի կատարումներ համերգներից: Ձայնասկավառակը՝  «LIVE -2014»-ը, բաղկացած  է հանդիսատեսի կողմից առավել սիրված հին և նոր ստեղծագործություններից:   Թվով 14-րդ ձայնասկավառակի շնորհանդեսը կանցկացվի նոյեմբերի 7-ին՝ «Մեցցո» ակումբում, որի ժամանակ  նաև կներկայացվի Վահան Արծրունու Կամերային Ծրագիրը: Analitik.am-ի հետ զրույցում երաժիշտը մանրամասներ ներկայացրեց ձայնասկավառակի և ակումբային գործունեության մասին:

 

-«LIVE -2014» ձայնասկավառակն ինչո՞ւ որոշեցիք պատրաստել  միայն կենդանի կատարումներով:


-Ձայնասկավառակը հավաքական տարբերակն է իմ 2 տարվա համերգների, որոնք անցկացնում էի ակումբային տարբերակով: Ընդհանրապես ես նախընտրում եմ կենդանի շփում՝ դա առավել ազնիվ կերպն է երաժշտի. լինել բեմում՝ հանդիսատեի առջև: Երբ դու բեմում կենդանի ձայնով կատարում ես, ապա  հանդիսատեսն արձագանք է տալիս հենց այդ պահին: Միշտ հավակնել եմ կենդանի կատարումների ձայնագրմանը, քանի որ  ստուդիայում հնարավոր չէ ստանալ այդ բնական շունչը:

 

 

 

-Կենդանի կատարումներ հնարավոր է նաև համերգային դահլիճներում, ինչո՞վ է պայմանավորված ակումբային գործունեությունը:

 

-Համերգային դահլիճների հետ աշխատելը հիմա դժվար է՝ կազմակերպչական շատ խնդիրներ կան: Այս պատճառով է, որ հիմա երաժիշտներն ակումբային տարբերակներով են հանդես գալիս, իրենց գործունեությունը տեղափոխել են ակումբ, որտեղ ստեղծագործողը միշտ ընթացքի մեջ է և զգում է հանդիսատեսի շունչը, շտկում է այն, ինչը սխալ էր:

 

 

 

 

-Թե ինչու ոչ դահլիճներում, այլ ակումբներում՝ պարզաբանեցիք, իսկ ինչո՞ւ ոչ եթերներում: Այսօր եթերում հայտնվում է բազմատեսակ երաժշտություն, բայց   Դուք  եթերում   կամ քիչ, կամ չեք ներկայանում:


-Ես այդ հանգամանքը կապում եմ միմիայն հեռուստատեսությունների վարած քաղաքականության հետ, նրանք երաժշտական որոշակի ուղվածություն են ընտրել, որն էլ ներկայացնում և պարտադրում են դիտողին և լսողին:

 

 

 

-Շատ հաճախ ասվում է, որ դա է պահանջվում հասարակության կողմից:


-Հանրությունը չի կարող պահանջել վատ երաժշտություն, դա հորինված թեզ է:  Հանրությանը դնում են ապուշ վիճակում,  փաստում են, որ հանրությունը ճաշակ չունի կամ տգետ է, բայց այդպես չէ: Ես, որպես ակտիվ գործող բեմական երաժիշտ, փաստում եմ, որ հանրությունը լավ էլ ճաշակ ունի: Այն պատրանքը, որ պահանջարկին համապատասխան առաջարկ է տրվում եթերում, որդեգրել են հենց հեռուստատեսություններն ու ռադիոները, որ արդարացնեն իրենց մատուցած տգիտությունը: Պահանջարկն ու առաջարկը առևտրային դաշտից են, իսկ արվեստում գործում է այլ սկզբունք՝ ձգտում դեպի արվեստ:

 

 

 

-Իսկ վերադառնալով դեկտեմբերի 7-ի համերգին՝ կասեք, թե ինչո՞ւ հենց այդ օրը և ի՞նչ համերգ է լինելու:


-Կկատարվեն բացառապես կամերային ստեղծագործություններ, կլինի լարային քառյակ, կմասնակցեն երաժիշտներ, որոնք մասնակցել են ձայնասկավառակում ներկայացված կատարումներում: Շնորհանդես-համերգը դեկտեմբերի 7-ին է, քանի որ համերգը առաջնահերթ մեր հիշատակի տուրքն է երկրաշարժից զոհվածներին:

 

 

 

-Հիշատակի օրերից խոսեցիք, իսկ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:


- Ես 2 նախագիծ եմ պատրաստում՝ մեկը կամերային, մյուսը սիմֆոնիկ նվագախմբի, ռոք խմբի և երգչախմբի համար, սա շատ աշխատատար նախաձեռնություն է, և ուզում եմ, որ ստացվի:

 

 

Արմինե Բրսոյան

 

Նույն շարքից