Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգրքի հայեցակարգը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նկատեց, որ մինչ այժմ Քրեական օրենսգրքում արդեն մոտ 100 փոփոխություն ու լրացում է կատարվել։
«Գործընթացը դեռ շարունակվում է։ Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։ Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը։ Մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին»,- ասաց նա նախարարը։
Նա նաև նշեց, որ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը։
«Բայց ամենակարևորն այն է, որ այդ փոփոխությունները արդյունավետ չեն»,- ասաց նախարարը և ավելացրեց, որ Քրեական օրենսգիրքը նաև հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի։
Նշենք, որ օրենքի նախագծի համաձայն նոր Քրեական օրենսգրքով ընդհանրացվել են Քրեական օրենսգրքում առկա թերությունները և դասակարգվել հետևյալ տեսակների՝ ա/ հայեցակարգային անճշտություններ և կրիմինալոգիական իրականության անտեսում, բ/ սխալներ և հակասություններ, գ/ բացեր։