Հայաստան 

Գնորդը «Արարատ» ռեստորանի համար պետք է վճարի 140 հազ. դոլարի համարժեք դրամ

Կառավարության այսօրվա նիստին որոշում ընդունվեց փոփոխություն կատարել Կառավարության թիվ 2 մասնաշենքում գտնվող «Արարատ» ռեստորանի վաճառքի ժամանակացույցում։ Ռեստորանը պետք է գնի մասնաշենքի սեփականատերը։



Ինչպես նշեց Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը, գնորդը, որպես գույքի գնման կանխավճար, պայմանագրի օրվա կնքումից հետո երեք բանկային օրվա ընթացքում «Արարատ» ռեստորանին պետք է վճարի 140 հազ. ԱՄՆ դոլարի համարժեք դրամ:



Նա նշեց, որ Կառավարության նախորդ որոշման համաձայն սահմանվել է, որ Կառավարության թիվ 2 շենքի սեփականատեր «Տանգո» ՍՊԸ- ն յոթ միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք դրամ պետք է վճարի գույքի առուվաճառքի պայմանագիրը ստորագրելու օրվանից երկու տարի հետո։

 

 

«Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ յոթ միլիոնից իրենք չորս միլիոնը վճարել են, այդ երեք միլիոնը պիտի վճարվեր մարտ ամսին, և այդ ժամկետը երկարացնում ենք մինչև հուլիսի մեկը»,- ասաց Արման Սահակյանը։



Հովիկ Աբրահամյանը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում է կառավարության նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, ինչին նախարարը պատասխանեց. «Գրաֆիկով նախատեսված էր մինչև 2016թ-ի փետրվարը ավարտել շինարարությունը, բայց առաջ ենք ու այս տարի նոյեմբերին կավարտենք։ Մինչև հունիսի տասը կահույքի նախագծային աշխատանքները կավարտենք ու կսկսվի կահույքի պատրաստման աշխատանքները»։

Նույն շարքից