Հայաստան 

Ախր սա հիմարություն է, անասունություն, ի՞նչը քննարկենք. Ա. Արզումանյանը` Զ․ Փոստանջյանի նախագծի մասին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրինագիծը կրկին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրվել և կրկին բուռն քննադատությունների արժանացել:



Հանրապետական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը առաջարկեց քննարկումը փակ կարգով իրականացնել, քանի որ օրինագծում պատմաիրավական անհեթեթ սխալներ կան, և հարկ չկա, որ նախագիծը մասսայական քննարկման առարկա դառնա:



«Այս օրինագծում կան պատմագիտական բնույթի անճշտություններ և այս ամենի մասսայականացումը մեր արևմտյան հարևաների քաղաքական ու գիտական հանրության համար մեծ նվեր կլինի։ Մենք հո կրակը չե՞նք ընկել, նախագիծ ներկայացնել ու շարադրել առանց հիմնավորումների»,- ի պատասխան Փոստանջյանի պնդումներին, թե ինչու պետք է նիստը փակ անցկացվի՝ ասաց Ֆարմանյանը: 



ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյան էլ համամիտ էր քննարկումը փակ անցկացնելու առաջարկի հետ, չնայած որ խոսքի ազատության ջատագով է: «Ես՝ որպես նախկին ԱԳ նախարար, չեմ ցանկանա, որ իմ անունը շոշափվի զավեշտի մեջ»,- ասաց Արզումանյանը։



«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ վստահ է, այս  օրինագծի լայնածավալ քննարկումը մեծ նվեր կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քանի որ Փոստանջյանն այս օրինագծով հիմնավորում է, Թուրքիայի՝ պատմաբանների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու գաղափարը։



Դեմ էր փակ քննարկմանը միայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քանի որ փակ նիստերի քննարկման դաժան փորձ կա:



Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընդհանրապես մտադիր էլ չէր մասնակցել  այս քննարկմանը, քանի որ անիմաստ է համարում։



Սամվել Ֆարմանյանն էլ նկատեց, որ Զորուհի Փոստանջյանի այս նախագիծն իր անհեթեթությամբ արդեն հանրայնացել է. «Տղաս 6-րդ դասարանում է սովորում, և նրա բոլոր համադասարանցիները տեղյակ են այս նախագծից: Կրկնում եմ պատմագիտական վտանգավոր, մասնագիտորեն սխալ տվյալներ կան այստեղ, ինչը նույնիսկ տարիներ հետո Թուրքիայի համար կարող է մեծ հաղթաթուղթ դառնալ»:



Ալեքսանդր  Արզումանյանը հեգնեց, թե ինքը Փոստանջյանից պակաս հայրենասեր է և ընդունում է դա, քանի որ չի պահանջում Թուրքիայի Հանրապետության կեսը:



Զարուհի Փոստանջյանը շարունակեց պնդել, որ ապրիլի 24-ից հետո ՀՀ-ն պետք է հստակ ռազմավարություն ունենա, և սա կլինի առաջին քայլը:



Նիստերի դահլիճից դուրս Ալեքսանդր Արզումանյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է դեմ այս նախագծի քննարկմանը ասաց․«Ախր սա հիմարություն է, անասունություն, ի՞նչը քննարկենք։ Ձեզ պետք ա գնաք գրեք՝ այ Զարուհին դուխով աղջիկ ա, Արզումանյանը վախկոտ ա, բայց սենց տեքստ դուք որևէ տեղ տեսե՞լ եք»:

Նույն շարքից