ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ կանցկացվեն լսումներ:
Նշենք, որ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրինագիծը բուռն քննադատությունների էր արժանացել հանձնաժողովի անդամների կողմից:
Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ քննարկման ժամանակ որոշում է կայացվել, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ, որից հետո միայն նա կրկին կփորձի ԱԺ ներկայացնել նախագիծը։
Ամեն դեպքում նա համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե նախագծում պատմաիրավագիտական խնդիրներ կան, որոնք հակահայկական են։
«Ես մեր ազգային շահը սպասարկելու տեսանկյունից եմ ներկայացրել և վստահ եմ, որ շատ արդիական է»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ խորհրդարանական լսումներին կքննարկվեն ապագա պահանջները հարևան Թուրքիայից և կմշակվի քաղաքականություն՝ այն կյանքի կոչելու համար։
Փոստանջյանի համոզմամբ՝ իր ներկայացրած նախագծին դեմ են, քանի որ չկա քաղաքական որոշում, թե ապրիլի 24-ից հետո որն են լինելու ՀՀ հետագա քայլերը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան էլ նկատեց, որ Զարուհի Փոստանջյանի նախագիծը նպաստեց, որ ԱԺ-ում լինեն խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: