ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկման դրեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը: Նախաձեռնության հեղինակները, հիմք ընդունելով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաև դրա քննարկման ընթացքում հրապարակված հատուկ կարծիքները, նյութերը և տեղեկանքները, առաջարկում են ԱԺ-ին ընդունել ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ՀՀ դատախազություն ուղարկելու որոշում՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացնելով այդ նախաձեռնությունը նշեց, որ դատախազությունը պետք է ուսումնասիրի գազի գնի իջեցման հնարավորությունը, քանի որ գազի հարցերով հանձնաժողովի եզրակացության մեջ բավարար հիմքեր կան, որոնք պետք է ուսումնասիրի դատախազությունը և տա իր գնահատականը: Պատգամավորը հորդորեց հանձնաժողովի անդամներին՝ նախագծին կողմ քվերակել զուտ քննարկումների համար. «Թող ԱԺ-ն մերժի, բայց քննարկումների համար կողմ քվեարկեք»
Ա.Մանուկյանն ասաց, որ ներկայացնելու է երկու հիմնավորում խախտումների վերաբերյալ, որոնք բավարար են դատական գործ հարուցելու համար: Առաջին հիմնավորումն այն է, որ բոլոր իրավաբանական անձանց սպառած գազը հաշվարկելիս տեսուչները մշտապես ավելացնում են որոշակի գործակիցներ:
«Տարիներ շարունակ այս ակնհայտ կոռուպցիոն գործընթացն իրականացվում է հենց այս մեխանիզմով: Չկա որևէ իրավական պայմանագիր, որևէ փաստաթուղթ, որևէ եզրակացություն, որ պետք է այդպիսի հաշվարկ կատարվի: Եթե, օրինակ, իրավաբանական անձը վառում է 1000 խորանարդ մետր գազ, գազի տեսուչները ավելացնում կամ բազմապատկում են որոշակի գործակցով, և գործակիցը որոշվում է տեսուչի սուբյեկտիվ մոտեցմամբ: Արդյունքում ստացվում է, որ իրավաբանական անձինք կարող են վառել 1000 խմ գազ, բայց վճարել 1500 խմ-ի դիմաց»,- ասաց Արամ Մանուկյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ ներկայացված հիմնավորումները չեն կարող իրավական գործընթաց սկսելու համար հիմք հանդիսանալ:
«Ներկայացրած հայտարարությունները տեղադրված են Ազգային Ժողովի պաշտոնական կայքում, եթե դատախազությունը գտնի, որ այնտեղ կան թերություններ, կարող է քննել: Ի՞նչ կարիք կա դիմելու: Ես, օրինակ, դեմ եմ, անիմաստ գործընթաց է»,- ասաց Վ. Այվազյանը:
Սակայն Ա.Մանուկյանը հակադարձեց՝ ասելով, որ խախտումները բազմաթիվ են և դատախազությունը կարող է ստուգումներ իրականացնել: Սա առաջացրեց նիստը վարող Վարդան Այվազյանի դժգոհությունը:
«Ներկայացրեք ձեր նշած բազմաթիվ օրինակներից գոնե մեկը, թե չէ այստեղ եկել շոու եք անում»,- ասաց Վ.Այվազյանը և դիմելով Ա. Մանուկյանին հարցրեց, թե ինչու այս ամենը չի ներկայացնում որպես հաղորդում հանցագործության մասին, կամ իրենց խմբակցությունը ինչու չի դիմել գլխավոր դատախազին:
«Ձեզ էլ 25 տարի գիտեմ, բայց ձեր ասածները բացարձակ չեմ ընդունում»,- արձագանքեց Մանուկյանը:
Վարդան Այվազյանը բորբոքվեց և ՀԱԿ պատգամավորին խորհուրդ տվեց ԱԺ-ն շոուի չվերածել:
Նշենք, որ Այվազյանը Ա. Մանուկյանի հետ պարբերաբար դու-ով էր խոսում, ինչ էլ պատգամավորի վրդովունքը առաջացրեց. «Ինձ հետ հոգնակիով խոսեք, ես Ձեզ հետ նման տոնով չեմ խոսում: Ինչ շոու, ես Ձեզ հետ նման բառեր կիրառո՞ւմ եմ: Դուք ո՞վ եք, որ ինձ թույլ տաք ելույթ ունենամ, թե՝ ոչ, դեռ չի եղել մի մարդ, որը ինձ թույլ չտա խոսել, բացի այդ մեր հասարակությունը Ձեզանից ավելի լավ շոումենի չի ճանաչում»:
Պատգամավորների վեճից հետո նախագիծը դրվեց քվեարկության, սակայն հանձնաժողովը դեմ քվեարկեց: