Հայաստան 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իրանի հոգևոր առաջնորդը կարևորել են հայ համայնքի դերը

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:



Ողջունելով Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական կապերին` մասնավորապես ընդգծելով հարևան երկրների միջև ձևավորված բարեկամության ու փոխհարաբերությունների առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը գնահատանքով խոսել է նաև մշակութային և հոգևոր կրթական ծրագրերի իրականացման գործում Մայր Աթոռի և ԻԻՀ դեսպանատան միջև առկա սերտ համագործակցության մասին:



Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնել է Նորին Սրբությանը հանդիպման համար և փաստել, որ երկու երկրների միջև կրոնական, քաղաքական և տնտեսական ոլորտներում առկա են ջերմ ու օրինակելի հարաբերություններ, որոնք տարեց տարի առավել զարգանում են:



Սեյեդ Ալի Ղազի Ասգյարը գնահատանքով նշել է նաև երկրի կյանքի տարբեր ոլորտներում Իրանի հայ համայնքի ունեցած արժեքավոր դերակատարության մասին:



Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը մտահոգությամբ անդրադարձել են ներկայիս մարտահրավերներին` համաշխարհայնացման գործընթացին, հոգևոր-բարոյական արժեքների անկմանը, ընտանիքի պաշտպանվածության խնդրին, աշխարհում սկիզբ առած ծայրահեղական շարժումներին, որոնք իրենց կործանարար ազդեցությունն են թողնում ողջ մարդկության կյանքում: Ընդգծվել է, որ առանձին երկրներ և հոգևոր-կրոնական հաստատություններ միայնակ չեն կարող դիմագրավել մարդկային կյանքը հուզող այդ մարտահրավերներին, և կարևորվել է համատեղ ջանքերի գործադրումը` ի նպաստ տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների խաղաղ ու համերաշխ համակեցության, ինչպես նաև հանդուրժողականության և համագործակցության ոգու զորացման:



Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Նույն շարքից