Ամփոփելով 2014-ի ապրիլից մինչև 2015 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը, այսինքն` իր պաշտոնավարման մեկ տարին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, թե կարող են արձանագրել, որ Պոլիտեխնիկը հաջողություններ է արձանագրել բոլոր բնագավառներում:
«Յուրաքանչյուր օրգանիզմում երբեմն հանդես են գալիս հիվանդություններ, եթե չվնասազերծվի վիրուսը, այն կտարածվի: Պոլիտեխնիկը ևս օրգանիզմ է: Ամիսներ շարունակ մի քանի արկածախնդիր զանգվածային լրատվամիջոցներով սկանդալների մասին են խոսում «Պոլիտեխնիկում կրքերը չեն հանդարտվում» և այլ վերնագրերով»,- հայտարարեց Հովհաննես Թոքմաջյանը՝ շարունակելով, թե միանշանակ իրավացի է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ երբ ասում է, թե բուհը պետք է նպատակաուղղված լինի որակյալ կրթություն տալուն:
Թոքմաջյանն ասաց, թե այս տարվա ընթացքում, երբ ողջ հանրապետությունում էապես նվազել է դիմորդների թիվը, պոլիտեխնիկը կարողացել է դիմորդների թվի 5 % աճ ունենալ:
«Մամուլում այս ընթացքում շուրջ 200-ից ավելի հրապարակումներ են եղել պոլիտեխնիկի մասին, որոնցից 200-ը բացասական: Պոլիտեխնիկին հասցվել է ֆինանսական ահռելի վնաս, որոնք ներկայացվել են տարբեր ծախսերի տեսքով»,- ներկայացնելով տարբեր տարիներին բուհի ծախսերի մասին, ասաց ռեկտորի պաշտոնակատարը:
Խոսելով ամիսներ առաջ տարածում գտած վիրտուալ սկանդալի մասին, Հովհաննես Թոքմաջյանը նախ ներկայացրեց փորձաքննություն անցած կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է տարբեր սրճարաններից մուտք գործվել իր ֆեյսբուքյան էջ և կազմվել այդ սկանդալային նամակագրությունը:
««Սոլո» սրճարանից կեսօրվա ժամերին մուտք են կատարել իմ ֆեյսբուքյան անձնական էջ, դրանից հետո կատարվել է հայտնի վիրտուալ սկանդալի տեքստը: 05.09.2014 թվականին գիշերը նույնպես մուտք է եղել իմ ֆեյսբուքյան անձնական էջ: Այսօր ամեն մեկը տեսնում է այն, ինչ տեսնում է: Ես անուններ չեմ տալիս, սրանք փորձաքննություն անցած նյութեր են»,-ասաց Հովհաննես Թոքմաջյանը՝ հավելելով. «Թե ինչու է սարքվել վիրտուալ սկանդալը, դրա պատասխանը ես իմ ներսում ունեմ, սակայն այսօր ոչինչ չեմ ասի»:
Հարցին, թե ինչու է սկանդալի համար ընտրվել հենց այդ կինը, Հովհաննես Թոքմաջյանը պատասխանեց. «Նրանք չեն ընտրել հարյուրավոր կանանցից նրան, ով կարող էր պոտենցիալ կապ ունենալ ինձ հետ, այլ ընտրել են նրան, ով չէր կարող ինձ հետ կապ ունենալ, քանի որ ծնվել է մեր ընտանիքում, եղել է իմ 59 տարվա ընկերոջ դուստրը»:
Լրագրողի հարցին, թե ինչու այդ սկանդալային գրագրության հրապարակումից հետո Թոքմաջյանի և Արմեն Աշոտյանի հարաբերությունները վատացան, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց. «Արմեն Աշոտյանը եղել է իմ ընկերը, ես շատ ափսոսում եմ նրա վերաբերմունքի փոփոխության համար: Կարծում եմ, որ նա լավ տեղեկացված չէ: Շատ կուզենայի, որ նա ճիշտ հետևություններ աներ այս ամենից»,- ասաց Թոքմաջյանը՝ եզրափակելով. «Ռեկտորները գալիս և գնում են, պոլիտեխնիկը հավերժ է»: