Հասարակություն 

Գերիների հարցերով հանձնաժողովը հանդիպել է անհայտ կորածների հարազատների հետ

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամները Զինվորական բժիշկների ասոցիացիայի հետ միասին հունիսի 6-ին այցելել են Արագածոտնի մարզ և հանդիպել են ղարաբաղյան հակամարտության ժամանակ անհայտ կորածների հարազատների հետ։



Հանդիպումը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարականով։ Նման հանդիպումները մշտական բնույթ են կրում։ Ամեն տարի տարբեր մարզերում մի քանի հանդիպում է տեղի ունենում, որոնց նպատակն է մշտապես ուշադրության կենտրոնում պահել այդ քաղաքացիների խնդիրները։



Հանձնաժողովի անդամները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը լսել են անհայտ կորածների հարազատների խնդիրները՝ խոստանալով լուծել դրանք։ Դրանք հիմնականում վերաբերել են գործազրկության, տարբեր սոցիալական խնդիրների, բնակարանի և վերանորոգման հարցերին։



Զինվորական բժիշկների միության ներկայացուցիչները խորհրդատվություններ են անցկացրել անհայտ կորածների հարազատների հետ, զննել նրանց և անհրաժեշտության դեպքում հետագա բուժման կամ վիրահատության ուղղորդումներ տվել։



Անհայտ կորածների հարազատների հետ հանդիպմանը ներկայացվել է հանձնաժողովի տարած աշխատանքը և ընդգծվել, որ ադրբեջանական կողմի՝ համագործակցելու ցանկություն չդրսևորելու պատճառով որոնողական աշխատանքները բարդանում են։ Քանի որ միջազգային կազմակերպությունների միջնորդների ջանքերը անհաջողությամբ են ավարտվում, Հայաստանը փորձում է ուղիղ շփում հաստատել։



Արագածոտնի մարզում այս պահին ապրում է ղարաբաղյան հակամարտության ժամանակ անհայտ կորած անձանց 11 ընտանիք։

 


Նույն շարքից