Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Ամենակարևորը, որ մարդն ինքն իրենից չհիասթափվի, մնացածն անցողիկ է. Հարցազրույց երգչուհի Մարիամ Մելիք-Բախշյանի հետ

analitik.am

Երգչուհի Մարիամ Մելիք-Բախշյանը դեռեւս նորեկ է երգարվեստում, սակայն հաստատուն քայլերով առաջ է գնում և ինչպես նա է նշում՝ երբ մի բան այնքան շատ ես սիրում, որ առանց դրա կյանքդ չես պատկերացնում, ուրիշ ելք չի մնում քան պայքարել, իր դեպքում՝ սովորել, հմտանալ ընտրած մասնագիտության մեջ  և միշտ լինել ուժեղ:


 Analitik.am-ը զրուցեց երգչուհու հետ՝ անցած ճանապարհի և նոր ծրագրերի մասին:

 

-Ո՞ր տարիքից է սկսել երգել երգչուհի Մարիամ Մելիք- Բախշյանը: 


-Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար:

-Չեմ կարող ասել, թե որ տարիքրց եմ երգել, միայն կասեմ, որ ինչ ինձ հիշում եմ, երաժշտությունը իմ կյանքում անպակաս է եղել: Ավարտել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Ասեմ, որ սկզբում ընդհանրապես երգելու միտք ու ցանկություն չունեի, բայց երբ Սայաթ-Նովայում երգչախումբ բացվեց, ամեն ինչ փոխվեց: Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ հրաշք է իրականում երաժշտությունը, բազմաձայն երգեցողությունը, ու շնորհակալ եմ իմ բոլոր խմբավարներին՝ Իրինային, Գայանեին և իհարկե մաեստրո Տիգրան Հեքեքյանին ովքեր իրոք կարողացան իմ մեջ արթնացնել երգի հանդեպ սերը:  Հիշում եմ թե ինչ զոհողությունների էի գնում, որպեսզի ոչ մի փորձ բաց չթողնեմ: Շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներին… 

 

 

-Երաժշտական ի՞նչ կրթություն եք ստացել:


-Անցած տարի ավարտել եմ Երգի պետական թատրոնին կից դպրոց ստուդիայի վոկալ բաժինը, որտեղ սովորել եմ ևս երկու տարի…

 


-Ու՞մ երգերը կամ երաժշտությունն են ոգեշնչել և շարունակում ոգեշնչել Ձեզ:


-Ես ունեմ շատ սիրելի կոմպոզիտորներ, բայց ամենից շատ ինձ ոգեշնչում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, մեր բացառիկ ուժն ու ոգին, որ առկա դրանց մեջ: Այն բազմաթիվ արտիստներից, ում ես սիրում եմ ու շատ բան եմ սովորում նրանցից, միայն կարող եմ առանձնացնել Մայքլ Ջեքսոնին: Նրա թե կերպարը, և թե երաժշտական ոճը ինձ համար անգերազանցելի են: Չեմ կարող չառանձնացնել նաև մեր հայկական էստրադան: Կան այնպիսի երգեր ու երգիչներ, որ անփոխարինելի են: Մեր երգերն են ինձ համար հարազատ, ավելի քան արտասահմանյան հիթերը: 

 


-Դժվար չի արդյո՞ք երիտասարդ երգչուհու համար ճանապարհ հարթել երգարվեստում:


-Իհարկ,ե դժվար է, բայց երբ մի բան այնքան շատ ես սիրում, որ առանց դրա կյանքդ չես պատկերացնում ուրիշ ելք չի մնում քան պայքարել, իմ դեպքում՝ սովորել, հմտանալ իմ ընտրած մասնագիտության մեջ  և միշտ լինել ուժեղ:

 


-Եղել են արդյո՞ք պահեր, երբ հիասթափվել եք և չեք ուզեցել շարունակել:


-Հիասթափության դեպքեր եղել են , բայց դա կարծում եմ բնական է յուրաքանչյուր բնագավառում: Երգս մի օրում չի ծնվել, և ընդհանրապես այն ճանապարհը, որը ես եմ ընտրել լի է հիասթափություններով: Շատ դժվար ու անհասկանլի, երբեմն անելանելի իրավիճակներում եմ հայտնվել: Բայց չի եղել այնպես, որ ուզենամ թողնել երգը ու ասեմ, որ դա երբեք չի լինի: Հակառակը այդ ամենը ստիպել է, որ ես առաջ գնամ: Երբ մի բան շատ ես սիրում, պարզ է որ հիասթափության ռիսկն ավելի մեծ է, բայց ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում: Ամենակարևորը, որ մարդն ինքն իրենից չհիասթափվի, մնացածն անցողիկ է: 

 

-Մի փոքր էլ խոսենք «One life» տեսահոլովակի մասին: Ինչպե՞ս ստեղծվեցին երգն ու տեսահոլովակը:


-Իմ առաջին երգը One Life-ը ինչպես ասացի մի օրում չի ստեղծվել: Թե ես, և թե հատկապես Նիկը շատ ենք աշխատել նման արդյունք ստանալու համար և կարծում եմ, որ դա մեզ հաջողվել է, շատ ուրախ եմ, որ երգը սիրվել է: Տեսահոլովակ ունենալու նպատակ ճիշտն ասած չեմ ունեցել,  Մայրս ու Նիկն են համոզել, որ երգը ափսոս է չի կարելի այսպես թողնել: Այնպես ենք արել, որ տեսահոլովակը լինի պարզ ու գեղեցիկ, առանց ավելորդությունների: Կարծում եմ, որ որակյալ ու գրագետ աշխատանք է կատարվել:

 


-Ի՞նչ տվեց Ձեզ 2013թ-ն: Եկեք ամփոփենք տարին ու  մի փոքր էլ խոսենք ապագա ծրագրերից: Ի՞նչ է սպասվում Ձեր երկրպագուներին 2014թ-ին:


-2013-ը համարում եմ հաջողությունների տարի և հույս ունեմ, որ դրանք կշարունակվեն նաև 2014-ին, համենայնդեպս ես պատրաստվում եմ ջանք ու եռանդ չխնայել: Նոր երգեր անպայման կլինեն, ամեն ինչ դեռ առջևում է: Շատ շնորհակալ եմ, բոլորին, ովքեր սիրել են երգս, այն ջերմ մեկնաբանությունների համար, որ ստացել եմ, ես հպարտանում եմ, որ ունեմ այդպիսի լսարան թեև հանդիսատեղն ինձ ընդամենը մեկ երգով է ճանաչում:

 

 

-Ձեր մաղթանքը երտասարդներին, ովքեր փորձում են առաջին քայլերն անել երգարվեստում: 


-Մեր հայ տաղանդավոր երիտասարդներին խնդրում եմ, որ երբեք չհիասթափվեք, տարբերեք լավը վատից, որակյալը անորակից, երբեք թույլ մի տվեք որ այնպես անեն որ մտածեք, թե չեք կարող: Կարող եք, եթե հավատում եք: Փառք Աստծո, որ այսօրվա մեր երիտասարդները ռիսկով են ու նպատակասլաց: Նրանց բոլորին հաջողություն եմ մաղթում իրենց ընտրած բնագավառներում: 


Երգչուհին նաև նշեց, որ սպասվող նոր երգերի, տեսահոլովակների և առհասարակ իր հետագա գործունեության մասին իր երկրպագուները կարող են տեղեկանալ ֆեյսբուքյան  իր պաշտոնական էջի միջոցով:



Analitik.am-ը շնորհակալություն է հայտնում երգչուհուն՝ հարցազրույցի համար և մաղթում  բեղուն ստեղծագործական վերելք և հաջողություններով լեցուն տարի: 





Նույն շարքից