Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Իմ զավակներն անպայման ծառայելու են. Շուշան Պետրոսյան

analitik.am

Հայաստան՝ փոքրիկ պետություն պահպանված հայոց բանակի մեծ ջանքերի գնով: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որն էլ հանդիսացավ ազգային բանակի ստեղծման հիմք: Արդեն անցել է 22 տարի, և հայոց բանակն ամուր կանգնած է ու արիաբար շարունակում է պահպանել մեր հայրենիքը: Հայոց բանակի օրվա կապակցությամբ www.analitik.am-ը զրուցեց մի քանի հայտնի գործիչների հետ: Ստորև ներկայացնում ենք նրանց  շնորհավորական ուղերձը.

 

Շուշան Պետրոսյան՝ երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր

Շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի 22-րդ տարեդարձի կապացությամբ և ամենակարևորը՝ մաղթում խաղաղություն: Որպես 2 զավակի մայր կարող եմ ասել, որ իմ տղաներն էլ ապագայում անպայման պետք է ծառայեն, չնայած նրանք ինձ հետ արդեն ծառայում են՝  ինձ հետ եկել են առաջին գիծ, ներկա են եղել զորամասերում իմ համերգներին: Իրենք հոգեբանորեն արդեն պատրաստ են:  

Կարեն Գիլոյան՝ մարզական մեկնաբան

Սա այն դեպքերից է, երբ չեմ կարող և չեմ էլ ուզում լինել օրիգինալ և մաղթում եմ առաջնահերթ խաղաղ երկինք, խաղաղ ծառայություն մեր զինվորներին, իսկ սպասողներին՝ համբերություն: 

 

Զարուհի Բաբայան՝ երգչուհի, մշակութային գործիչ

22 տարեկան` ոչ շատ հասուն, ոչ էլ շատ երիտասարդ է մեր բանակը: Շնորհավորում եմ բոլոր այն զինվորներին, ովքեր 2 տարի ապրում են բանակային կյանքով, ծառայում են և ապահովում բոլորիս անդորրը: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել այն մայրերին, ում զավակներն այսօր բանակում են, կանգած են սահմանին կամ ծառայել են երբևէ: Ցանկանում եմ, որ բոլոր մայրերը չոր աչքերով 

քնեն ու արթնանան՝ սպասելով իրենց զավակներին: Բոլորս հպարտ ու ուրախ լինենք, որ այսօր կա ազատ ու անկախ Հայաստան, որի և՛ ազատությունը, և՛ անկախությունը առաջին հերթին ապահովում է մեր բանակը: Ես եղել եմ զինվորների կողքին, երգել նրանց համար և տեսել, թե ինչ ունեինք մենք սկզբում  և  ինչ ունենք այսօր:

 

Արսեն Գրիգորյան՝ երգիչ

Ես շնորհավորում եմ բոլորին՝ սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև բարձրաստիճան սպաներ: Ես էլ եմ ժամանակին զինվոր եղել և գիտեմ՝ ինչ է նշանակում զինվորական կյանքը: Կուզեմ, որ զինվորները լինեն բոլոր տեսակ կրակոցներից ու պատերազմային իրավիճակնեից հեռու: Ես խոնարհվում եմ նրանց առջև:

«Անալիտիկ» կենտրոնը նույնպես միանում է բոլոր մաղթանքներին և ցանկանում, որ մեր բանակն էլ ավելի հզորանա և ամրանա՝ առանց մարդկային կորուստների: Թող 

հայ զինվորը միշտ զգա մեր բոլորիս աջակցությունն  իր թիկունքին, իսկ մենք էլ բարենպաստ պայմաններ ու միջավայր ստեղծենք այդ զինվորների հետագա կայացման և առաջընթացի համար:

 


Արմինե Բրսոյան

Նույն շարքից