Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

«Անսպասելին» ինձ համար անսպասելի էր ամեն առումով. Մարիամ Մելիք-Բախշյան

analitik.am

Երիտասարդ երգչուհի Մարիամ Մելիք-Բախշյանին անդրադառնալու առիթ մենք ունեցել ենքՕրերս կայացավ երիտասարդ երգչուհի Մարիամ Մելիք- Բախշյանի երկրորդ՝ «Անսպասելի» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Երգչուհու հետ զրուցեցինք նոր երգի, տեսահոլովակի ու ապագա ծրագրերի մասին:


-Եվս մեկ անգամ շնորհավորում ենք և առաջին հարցը, որ առաջ եկավ ինձ  մոտ՝ ինչու՞ «Անսպասելի»:

-Նախ, շնորհակալություն հարցազրույցի համար: Անսպասելի, որովհետև այս երգն ինձ համար անսպասելի էր ամեն առումով, նախ One life-ից հետո չէի պատկերացնում, որ հայերեն կերգեմ, այն էլ այս ոճում, քանի որ միշտ նախընտրում եմ երգել ավելի հանգիստ ու մեղեդային երգեր, բայց որոշեցի դուրս գալ իմ ստանդարտներից ու փորձել ներկայանալ ավելի ուրախ ու անմիջական:


-Խոսենք երգի ու տեսահոլովակի մասին: Կներկայացնե՞ք մի փոքր ինչպես ծնվեց երգը, հետո տեսահոլովակը: Ովքե՞ր են երգի ու տեսահոլովակի հեղինակները:


-Կրկին աշխատել եմ Նիկ Եգիբյանի հետ, երաժշտության և գործիքավորման հեղինակը, ինչպես նաև հոլովակի ռեժիսորը հենց նա է, իսկ խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է:  Այս անգամ ցանկացա ավելի անհոգ , ուրախ ու պոզիտիվ կերպարով ներկայանալ, ես ինքս դրա կարիքն ունեի, ու այս երգը իրոք իմ կյանքն էլ շատ անսպասելի դարձրեց ավելի ուրախ: Երգի բառերը դեռ չկային, բայց լսողները լալալա-ով ու անգլերեն կիսատ-պռատ բառերով տարբերակը անգամ հավանում ու ցանկանում էին ունենալ: Տեսահոլովակի նկարահանումները իսկական արկած էին մեզ համար: Այս անգամ շատ ձգվեց ձյան պատճառով: Մի շարք նոր բացահայտումներ եմ արել ինձ համար այդ ընթացքում: Նկարահանումների ժամանակ էլ ինչ ասես տեղի չունեցավ,  միշտ հիշելու ենք ու մի լավ ծիծաղենք:


-Սա Ձեր արդեն երկրորդ տեսահոլովակն է: Կկիսվեք մի փոքր տպավորություններով: Զգացողությունները նու՞յնն են:


-Այս անգամ պատասխանատվությունն ավելի մեծ է: Ավելի մեծ աշխատանք է կատարվել, ափսոս, որ էկրանից այս կողմ այդ ամենը չի երևում, մարդիկ միայն տեսնում են այդ երեք-չորս րոպեները, իրականում ամեն ինչ ավելի բարդ է ու ավելի հետաքրքիր:

 

-Եթե փորձեք ներկայացնել՝  ի՞նչ է ուզում փոխանցել «Անսպասելին» :

 

-Դրական լիցքեր և ուրախ տրամադրություն:

 

-Ձեր առաջին տեսահոլովակը անգլերեն լեզվով էր, և կարծիք կար, որ Դուք հանդես եք գալու անգլերեն լեզվով, բայց «Անսպասելին» հայերեն է: Ինչո՞վ էր պայմանավորված:


-Իմ առաջին երգը անգլերեն էր միայն այն պատճառով, որ երաժշտությունն ու խոսքերը ծնվեցին միանգամից ու այնքան համահունչ ու անկեղծ ստացվեց ամեն ինչ, որ էլ չցանակցանք փոխել: One life-ը յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար:

 

- Ի՞նչ է փոխվել առաջին տեսահոլովակից հետո Ձեր կյանքում:

 

-Իմ կյանքում ամեն օր մի բան փոխվում է, ամեն օր մի նոր բացահայտում եմ անում:  Իսկ One Life-ից հետո շատ բան է փոխվել…

 

-Ամեն անգամ նոր ստեղծագործություն ներկայացնելիս ո՞վ  է Ձեր առաջին ուկնդիրը ծափահարողն ու քննադատը:

 

-Իմ ամենաառաջին քննադատը ես ինքս եմ, ամեն հարցում, իսկ ծափահարողները, իհարկե, ընտանիքիս անդամներն են:

 

 

-Կա՞ բան, որ ուզում եք ավելացնել:


-Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել են ինձ հետ այս ընթացքում, որովհետև նրանք իրոք շատ մեծ գործ են արել ու նրանց շնորհիվ Անսպասելին դարձավ հասանելի:



Հ.Գ. Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք երիտասարդ երգչուհուն և մաղթում միմիայն հաջողությունններ:




Նույն շարքից