Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում. Նարեկ Մակարյան

analitik.am

      Հեռուստեսային նախագծերը, կարծես, օգնում են բացահայտել շատ թաքնված երգիչների, ում մինչ այդ ոչ բոլորն են ճանաչել:   www.analitik.am-ը զրուցեց հեռուստատեսային նախագծերից մեկին մասնակցած և արդեն շատերի կողմից սիրելի դարձած Նարեկ Մակարյանի հետ:





    -Շատերը Ձեզ սկսեցին ճանաչել «Հայաստանի ձայնը»  նախագծից, բայց մենք տեղյակ ենք, որ Դուք մինչ այդ էլ երգել եք և  բավական երկար ճանապարհ եք անցել. կխոսե՞ք այդ մասին:



    -Իմ երաժշտական ուղղին սկսել է 10 տարեկանից: Առաջին քայլերս արել եմ «Դո Ռե Մի» մանկապատանեկան երաժշտական ստուդիայում՝ Նադեժդա Սարգսյանի ղեկավարությամբ: Հասկանալով, որ երաժշտությունն ինձ համար է, և ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում՝ որոշեցի շարունակել: «Դո Ռե Մի»-ում բավական լավ արդյունքներ էի գրանցում: Հասմիկ Կարապետյանի հետ զուգերգ երգելով՝ ավելի  ոգեշնչվեցի ու հստակ որոշեցի, որ պետք է երգիչ-երաժիշտ դառնամ: Մինչև «Հայաստանի ձայն»-ին մասնակցելը, ես մասնակցել էի բազմաթիվ միջազգային մրցույթների, զբաղեցրել լավագույն հորիզոնականներ, մեր երկրի եռագույնը բարձրացրել էի մի շարք միջազգային հարթակներում, սակայն «Հայաստանի ձայն»-ի շնորհիվ ես ձեռք բերեցի ճանաչում:  Հիմա արդեն ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իմիջայլոց գերազանցությամբ:) :

 

   -Իսկ եթե չմասնակցեիք վերոնշյալ հեռուստատեսային նախագծին,ապա ինչպե՞ս պետք է գրավեիք լսարանի ուշադրությունը, մտածե՞լ եք այդ մասին:



  -Բնականաբար տեսահոլովակներով: Ասեմ, որ մինչև այդ ես ունեի «Անձրև» երգի տեսահոլովակը, սակայն հենց հեռուստատեսային նմանատիպ նախագծերը  ավելի արագ ճանաչվելու հնարավորություն են տալիս:

 

      -Հիմա շատերն են երգում և փորձում երգիչ դառնալ, իսկ Նարեկ Մակարյան երգիչն  ի՞նչ  նոր ասելիք ունի:

 

    -Ասելիքը շատ է, բայց  ժամանակ է պետք, որ այդ ամենը երևա, տեսանելի լինի:

 

     -Իսկ երաժշտական ո՞ր ուղղվածությունն  է Ձերը:

 

    -ՓոՓ երաժշտությունն է իմը: Երաժշտական ուղղվածություններից ոչ բոլորն են Հայաստանում տարածված ու ընկալելի, օրինակ՝ այստեղ դեռ այդքան սիրված չէ էլէկտրոնային երաժշտությունը, որը Եվրոպայում լայնածավալ կիրառվում է:

 

    -Սկզբում խոսեցինք միջազգային մրցույթներից, ի՞նչ հաղթանակներ եք ունեցել, կմանրամասնե՞ք:

 

 

    -Միջազգային մրցույթներից կարող եմ նշել Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ «Գրան Պրի»–ին եմ արժանացել: Նաև կարող եմ մտաբերել «Славянский базар» միջազգային մրցույթը, որտեղ արժանացել եմ հատուկ մրցանակի, որն իրենից ներկայացնում էր տեսահոլովակի և ձայնասկավառակի թողարկում: Նաև մասնկացել եմ «Дельфийские игры» մրցույթին, որտեղ արծաթե մեդալ ստացա: Այլ մրցույթների ևս եմ մասնակցել եմ,  բայց,  թերևս,  այսքանը կնշեմ:

 

Արմինե Բրսոյան

Նույն շարքից