Գլխավոր Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Բունդեսթագը կքննարկի և վերջնական որոշում կընդունի Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով մինչև ամառային արձակուրդները

analitik.am

Գերմանիայի Բունդեսթագը, ամենայն հավանականությամբ, կքննարկի և վերջնական որոշում կընդունի Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով մինչև ամառային արձակուրդները, այսինքն` մինչև հուլիսի երկրորդ կեսը, երկուշաբթի լրագրողներին ասաց պատմական գիտությունների դոկտոր, գերմանագետ Աշոտ Հայրունին։

«Որոշում էր ընդունել բանաձևի տեքստի կրկնօրինակները փոխանցել խմբակցությունների բոլոր ներկայացուցիչներին` քննարկման նպատակով, ինչից հետո նրանք պետք է ներկայացնեին իրենց եզրակացությունները բանաձևի մասին», – ընդգծեց Հայրունին։

 

«Դրանից հետո վախեցած թուրքական իշխանությունները ԱԳՆ–ի միջոցով փորձեցին Բունդեսթագի վրա կիրառել ճնշման հնարավոր բոլոր միջոցները։ Թուրքիայի կառավարությունը կարողացավ ճնշում գործադրել Բունդեսթագի վրա ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Շտայնմայերի օգնությամբ, ինչի հետևանքով գերմանական կուսակցությունների առաջնորդները եկան այն եզրակացության, որ հարկավոր է տեքստում «ցեղասպանություն» բառը փոխարինել «տեղահանում» և «սպանություն» բառերով», – ընդգծեց Հայրունին։

Նա նշեց, որ արդյունքում վճռորոշ դեր խաղաց Գերմանիայի առաջին պաշտոնատար անձի` երկրի նախագահ Յոախիմ Գաուկի դիրքորոշումը, ով ակնարկեց գործադիր մարմնին, որ ելույթ կունենա Բեռլինի տաճարում նախատեսված ժամերգության ժամանակ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերին։

 

«Մի իրավիճակ է ստեղծվել, երբ երկրի նախագահի, կառավարության, կանցլերի, ԱԳՆ–ի և Բունդեսթագի խմբակցությունների ներկայացուցիչների դիրքորոշումները տարբերվում են», – ավելացրեց Հայրունին։

 

Ի վերջո, նրա խոսքերով, ենթարկվելով Գերմանիայի նախագահի ճնշմանը, Բունդեսթագը որոշեց բանաձևում որոշակի լրացումներ կատարել` հօգուտ Գաուկի դիրքորոշման։

«Բանաձևի նոր տեքստում շեշտը դրվել է Հայոց ցեղասպանության և նմանատիպ մյուս ակտերի հավասարության վրա, սակայն ձևակերպումն ինքնին փոքր–ինչ քաոսային է։ Չնայած բանաձևի վիճահարույց տեքստին` քաղաքական և պատմական տեսակետից այնտեղ նկատվում է որոշակի դրական առաջընթաց` 2005 թ.–ի նմանատիպ բանաձևի համեմատ», – նշեց Հայրունին։

 

 

Նույն շարքից