Հասարակություն 

Հանձնարարվել է պատշաճ կահավորել շինաշխատանքների համար առանձնացված տարածքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են ասֆալտապատման, փոսանորոգման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը և ի հայտ եկած թերությունները կարճ ժամանակում վերացնել: Իսկ այն կազմակերպությունները, որոնք պատշաճ չեն իրականացնի իրենց պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, ինչպես նաև «Երևան Ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և մի շարք այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, վթարների վերացման նպատակով քանդման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ քաղաքապետը պատասխանատուներին խստորեն հանձնարարել է չթույլատրել դրանք՝ մինչև տվյալ տարածքները չկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և ցուցանակներով:

«Օրվա տարբեր ժամերի վարչական շրջանների թե´ կենտրոնական, երկրորդական փողոցներում և թե´ մայթերի վրա իրականացվում են քանդման աշխատանքներ, որոնց մասին հուշող որևէ նշան կամ տեղեկատվություն չկա: Կենսապահովման ոլորտում կատարվող աշխատանքներն, անշուշտ, շատ կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր է սահմանված կանոնների պահպանումը: Խստորեն հետևեք, որ որևէ տարածքում շինարարական կամ վթարավերացման աշխատանք իրականացնելիս, երբ քանդման աշխատանքներն անխուսափելի են, տվյալ տարածքները մինչ աշխատանքների մեկնարկը պարտադիր կահավորված լինեն ճանապարհային ու շինաշխատանքների իրականացման համապատասխան նշաններով, որպեսզի մեր բնակիչներն էլ իրազեկված լինեն, թե ինչ աշխատանք է իրականացվում տարածքում: Իսկ այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն պահպանի սահմանված կանոնները և կշարունակեն խախտել գործող կարգը, ձեռնարկեք համապատասխան միջոցներ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ուղղությամբ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 13 դեպքի մասով, բացի այդ, 7 հասցեներում էլ իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ արձանագրվել է խախտման 7 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել շինարարության նպատակով տրամադրված փաստաթղթերի և իրականացվող աշխատանքների նկատմամբ՝ բացառելով նախագծային շեղումները:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվող նոր բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ շենքերի շինարարության ընթացքը մշտական հսկողության տակ է և դրանք շահագործման կհանձնվեն սահմանված ժամանակացույցի համաձայն:
Բազմաբնակարան բնակելի շենքերում գործող վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի, դրանց նպատակային օգտագործման և կատարված աշխատանքների հաշվետվությունների ուսումնասիրությունների վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ ուսումնասիրվել է 300 վերելակային տնտեսություն: Նշվել է նաև, որ առաջին փուլով նախատեսված աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի տեղեկատվություն և աշխատանքներն էլ կկրեն շարունակական բնույթ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել է 35 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը:
Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթներին 94 վարչական արձանագրություն է կազմվել իրավախախտների նկատմամբ: Ոչ գոհացուցիչ գնահատելով արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները:

Գնումների գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով նախատեսված բոլոր մրցույթները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ ձևով, նաև նշվել է, որ այս տարվա ապրիլից դրանք կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով:
«Ինչպես գործընթացի թափանցիկության ապահովման, այնպես էլ մրցակցության խթանման տեսանկյունից սա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում: Թեև պետք է նաև արձանագրենք, որ վերջին տարիներին գնումների գործընթացի հետ կապված որևէ դիմում կամ բողոք չի եղել»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ: Նախորդ երկու շաբաթների ընթացքում այս մասով կազմվել է 36 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ միաժամանակ խստացնելով գործընթացի նկատմամբ հսկողությունը:

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Զուգահեռ կանաչապատման աշխատանքների շրջանակում 14 հազար ծառերի բուժման աշխատանքներ են կատարվել: Հանձնարարվել է ակտիվացնել հատկապես ոռոգման համակարգերի անցկացման և խոտհնձի կազմակերպման աշխատանքները: Մայրաքաղաքում ծառի տապալման վերջին դեպքի հետ կապված էլ քաղաքապետը հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այդ մասին մանրամասն իրազեկելով նաև հանրությանը:

Անդրադառնալով կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախագծային աշխատանքներ տանել ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ:
«Մեր համաքաղաքացիներին տրված խոստման համաձայն՝ հաջողությամբ ավարտեցինք Կենդանաբանական այգու վերակառուցման առաջին փուլը, և հունիսի 1-ին այգին իր այցելուներին դիմավորեց նորովի: Կատարված լայնածավալ աշխատանքներն ընդգրկում են ամբողջ վերակառուցման ծավալի շուրջ 75 տոկոսը: Այժմ պետք է աշխատանքներ տանել երկրորդ փուլի իրագործման ուղղությամբ: Այդ նպատակով կազմեք նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի կարողանանք ծրագիրը ներառել 2016 թվականի բյուջեում և արդեն 2017-ին ծրագիրն ամբողջությամբ ավարտենք», - ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել նաև երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ ՀՀ կառավարության ծրագրով մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով հանգստի կազմակերպման ուղղությամբ: Պատասխանատուներին հանձնարարվել է պարբերաբար այցելել ճամբարներ և տեղերում ծանոթանալ երեխաների հանգստի կազմակերպման պայմաններին:

Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ համապատասխան աջակցություն է տրամադրվել 700 ընտանիքի: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է անօթևանների աջակցության ծրագիրը: Տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում կացարան է տեղափոխվել 73 անօթևան: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել երկու ուղղություններով իրականացվող աշխատանքները և հնարավորության սահմանում առավել ակտիվացնել դրանք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից