«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով հունիսի 7-ին հանրապետության մի շարք քաղաքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ասաց, թե շատ կարևորում է ՏԻՄ ինստիտուտը, բայց նաև նշեց, որ մեզանում ոչ միայն չի կայանում այդ ինստիտուտը, այլ մի տեսակ փակուղի է բերում:
«Նախ ընդդիմության մասնակցության սակավությունն արդեն մերժում է այդ ընտրությունը: Արդեն գրեթե բոլորը համոզված են, որ կան ընտանիքներ կամ խմբեր, որոնք մտել են այդ դաշտ և ուզում են ժառանգաբար փոխանցել այս կամ այն պաշտոնը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Այդուհանդերձ, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ողջունում է այն մարդկանց, ովքեր այս ՏԻՄ ընտրություններում մտել են պայքարի մեջ, անկախ իրենց կենսագրությունից, դրանով փորձում են մերժել այն մոտեցումը, թե այս կամ այն խմբի դեմ խաղ չկա:
«Հայաստանում բարքերի, վարքի, էթիկական խնդիրներ կան, մենք զիջում ենք նաև այդ դաշտում: Հասարակության մեջ կա այն համոզմունքը, թե մենք այն ժողովուրդը չենք, որ կարող ենք ընտրություն կայացնել»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով նաև, թե իր համար ցավալի է և տարօրինակ, որ ՏԻՄ ընտրություններում կին թեկնածու չկար: