Հասարակություն 

Երևանի հեռախոսային ցանցի 100-ամյակին նվիրված նամականիշ

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին մարվեց և շրջանառություն մտավ Երևանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ:


Մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «ԱրմենՏել»ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:


1913 թվականին Երևանում շահագործման հանձնվեց 200 հեռախոսային համարների կարողությամբ առաջին հեռախոսակայանը, որից օգտվում էր 71 բաժանորդ: 1914 թվականին ստեղծվեցին նաև Ալեքսանդրապոլ-Երևան և Ալեքսանդրապոլ-Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը: Այդ համակարգը պահպանվեց մինչեւ 1920 թվականը:


Հայաստանի հեռախոսային կապը զարգացավ հատկապես հետպատերազմական տարիներին: 1948 թվականին շահագործման հանձվեց 6 հազար հեռախոսային համար ունեցող առաջին ավտոմատ հեռախոսային կայանը (ԱՀԿ):   


Նամականիշի վրա պատկերված են 30-ական թթ. օգտագործվող  հեռախոս, «Telefonegyar R.T. Budapest» հեռախոս և 80-ական թվականներին օգտագործվող  հեռախոս հեռախոսասյուների և հեռախոսային լարերի մոնտաժողի խորապատկերին: 


Նամականիշի ստեղծման գործում զգալի աջակցություն են տրամադրել «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, Երևան քաղաքի պատմության թանգարանը և Կապի թանգարանը:


«Ուրախ եմ ներկա գտնվել Երևանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման այս հանդիսավոր արարողությանը։  Հպարտ եմ, որ ղեկավարում եմ այն ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի կապի ավանդույթների զարգացման իրավահաջորդը և կանգնած է պատմության ակունքներում։ «ԱրմենՏել» ընկերության գործունեության շնորհիվ այսօր ոչ միայն Երևանի քաղաքային հեռախոսակապը, այլ նաև Հայաստանի ողջ լարային ենթակառուցվածքը համապատասխանում է ամենա ժամանակակից չափանիշներին։ Մենք կշարունակենք պատվով կրել Կապավորի բարձր կոչումը և կուրախացնենք մեր բաժանորդներին նորանոր ձեռքբերումներով», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։


Թողարկման օրը՝ 10 դեկտեմբերի 2013թ.


Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ


Դիզայներներ՝ Տաթեւիկ Եսայան, Վահագն Մկրտչյան


Տպաքանակը՝ 40 000 հատ


Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա


Նույն շարքից