Քաղաքական Հասարակություն 

Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2014թ. բյուջեն

Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքի 2014թ. բյուջեի նախագիծը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Երևանի ավագանին քվեարկության մասնակից 58 անդամների ձայների 39 կողմ, 5 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2014թ. բյուջեն, ըստ որի կանխատեսվում է. եկամուտների գծով՝ 69,091,815.9 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 69,491,815.9 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 400,000.0 հազ. դրամ։

 

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսայգիներից մեկը ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունով անվանակոչելու, «Յու.Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին որոշումների նախագծերին:

 

Երևանի ավագանու որոշմամբ 14 իրավաբանական անձանց թույլատրվել է Երևան քաղաքի սահմանված տարածքներում կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղիներ: Ավտոկայանատեղի ամբողջ տարածքի համար տուրք վճարած ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից վճար գանձելու:

Նույն շարքից