Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Պրահայի 13-րդ Քվադրինալեն. ՀՀ-ն կներկայանա Ցեղասպանությանը նվիրված «Կարմիր կարկուտ» ինստալյացիայով

analitik.am

Հունիսի 18-28-ը Պրահայի 13-րդ միջազգային Քվադրինալեին Հայաստանը կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով, գրում է PanARMENIAN.NET-ը:

 

Քվադրինալեն բեմական ձևավորմանաշխարհի խոշորագույն փառատոնն է, որը կազմակերպում են Չեխիայի մշակույթի նախարարությունն ու Եվրոպական միությունը: Այն անցկացվում է 4 տարին մեկ: 1967-ից ի վեր Քվադրինալեին իրենց աշխատանքներով ներկայացել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, ժոզեֆ Սվոբոդան, Ռոբերտ Ուիլսոնը և այլք:

 

Հայաստանը Պրահայի Քվադրինալեին առաջին անգամ մասնակցել է 2011-ին բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի ջանքերով: 2015-ին մեր երկիրը դարձյալ իրավունք ստացավ մասնակցելու դրան, այս անգամ«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով, որի հեղինակ-համադրողներն են բեմանկարիչներ Լիլիթ Ստեփանյանը և Նելլի Բարսեղյանը, երաժշտության հեղինակ՝ աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ու լուսանկարիչ, ռեժիսոր Վահան Սեփանյանը:

Նախագիծն իրականացվում է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ:

«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան ստեղծվել է Տիգրան Համասյանի երաժշտության և հայերին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից արված մեկ վավերագրական լուսանկարի փոխազդեցության արդյունքում:

Պրահայի Քվադրինալեի հիմնական ցուցադրությունից բացի հունիսի 23-ին կայանալիք հայկական օրվա շրջանակում լուսանկարիչ Վահան Ստեփանյանը կներկայացնի նաև PAN Photo գործակալության հետ համատեղ ստեղծված՝ «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները»(Last Survivor of The Armenian Genocide) նախագիծը:

Նույն շարքից