Երևանի հատկապես կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների արդիականացումը կշարունակվի նաև 2014 թվականին. գովազդային մեծ և միջին կրիչները, որոնց գովազդային մակերեսը դեպի փողոցի երթևեկելի մաս է ձգվում՝ այս տարի ևս ապամոնտաժվելու են։ Դրանք փոխարինվելու են փոքր ծավալի տարբեր կրիչներով։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
2013թ. գովազդային մեծածավալ 106 կրիչ է ապամոնտաժվել Երևանի Աբովյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Լեոյի, Մոսկովյան, Նալբանդյան, Պուշկինի, Սարյան փողոցներում, Տիգրան Մեծի պողոտայում։
Ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի՝ գովազդային կազմակերպությունները դրանք ապամոնտաժում են իրենց ուժերով, մեծ ու միջին ծավալի մակերեսով կրիչների փոխարեն տեղադրում են քաղաքային փոքր ծավալի ժամանակակից, այդ թվում նաև բազմագործառութային կրիչներ։