«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը խմբակցությունների անունից ելույթ ունեցան խորհրդարանական ուժերը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը շեշտեց, թե կարևորագույն նշանակություն ունի, թե ինչպես են կատարելագործում Ընտրական օրենսգիրքը:
Հակոբյանը նկատեց, թե շատ է խոսվում Վենետիկի հանձնաժողովի մասին, և երբ իրենք պնդում են, որ ընտրողների ցուցակները պետք է հրապարակվեն՝ անմիջապես դրան դեմ արտահայտվողները հղում են անում Վենետիկի հանձնաժողովին, և ասում, որ այդ հանձնաժողովն ասում է, որ դրանով խախտվում է գաղտնիության սկզբունքը:
Ռուբեն Հակոբյանն այդ տեսակետը երեսպաշտություն որակեց: «Ես անձամբ եմ խոսել իրենց հետ, և նրանք ասում են, որ իսկապես կան տեղեր, որ կրոնական, թշնամական վերաբերմունքից ելնելով, հատկապես՝ իսլամական պետություններում, գաղտնիության սկզբունքը պետք է, իսկ օրինակ՝ ՀՀ-ում նման կարիք չկա, մենք ռասայական տարբերություն չունեք, քրիստոնյաներ ենք, և այդ խնդիրը չունենք: Կան երկրներ, որոնք տուգանվում են, ով չի գնում իր ապագայի համար քվեարկի, այնպես որ յուրաքանչյուրը իր ժողովրդի հոգեկերտվածքից է որոշում, որ ձևն է պետք»,- ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ միանում է առաջարկությանը, որ դրսի քաղաքացիներին վերադարձվի ընտրելու իրենց իրավունքը, քանի որ 50%-ն այնտեղ է:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց իրերն իրենց անունով կոչել և ժողովրդին բացատրել, թե ինչ է կատարվում: Ըստ նրա՝ խնդիր է դրված հաղթահարել սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու արգելքը և անցում կատարել խորհրդարանական համակարգին, այդ ձևով երկարացնելով անձնական իշխանության ռեժիմը:
«Հիմա խնդիրը հետևյալն է, որ այս հարցը հանրաքվեի միջոցով պետք է լուծվի և հիմա քննարկում ենք հանրաքվեի կանոնների սահմանման հարցը: Մենք ընդունում ենք այդ հարցը, որ մենք կմասնակցենք, և այն կվերածենք Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվե: Բայց եթե գնում ենք այս գործընթացին, ուրեմն խաղանք գոնե ազնիվ խաղի կանոններով: Եթե չեք գնում, գոնե լավ գիտեք, որ չունենք ժողովրդի քվեն»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ առաջարկները չեն ընդունվել, որոնցից առաջնահերթը ցուցակների հրապարակումն է:
Հաջորդ առաջարկը, ըստ նրա, այն է, որ հեռուստատեսային քարոզչությունը հավասար ձևով ապահովվի նաև հանրաքվեի համար, ինչը սակայն նախագծի հեղինակ Արծվիկ Մինասյանը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ չեն կարող հանրաքվեն մի օրենքով անցկացնել, ընտրությունները՝ այլ: «Պարո՛ն Մինասյան, այդ փաստարկն ընդհանրապես ընդունելի չէ.. ասում եք թողեք այս հանրաքվեն էլ կեղծվի, հետո կսկսենք կիրառել բարեփոխման օրենքը»,-ասաց նա:
Ըստ Զուրաբյանի՝ առաջարկը պարզ է եղել, որին կողմ են եղել «Ժառանգությունը», ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն՝ որ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցներին տարանջատեն և հավասար եթերաժամեր տրամադրեն: Մինչդեռ նրա պնդմամբ՝ ընդունել են իշխանություններն այն առաջարկները, որոնք իրենց հաղթանակը կապահովեն, իսկ թե ինչու այդ առաջարկները Դաշնակցությունը չի ընդունել, նա բացատրում է նրանով, որ «Դաշնակցությունը դաշնակցել են սահմանադրական փոփոխությունների գործում՝ այո-ն ստեղծելու ու ոչ լեգիտիմ սահմանադրություն ունենալու հարցում»:
«Բայց մի բան ասեմ, Դաշնակցությունը ում հետ համագործակցել է, այդ ուժերը շատ վատ վախճան են ունեցել»,- եզրափակեց Զուրաբյանը:
Գալուստ Սահակյանը կոչ արեց պրովոկացիաների չգնալ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես դժգոհեց, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել նախագծի հեղինակների կողմից: «Մասնավորապես ցուցակների հրապարակումը, գիտեք… պետք չէ Վենետիկի հանձնաժողովը սարքել սուրբ տեղ ու անընդհատ հղում անել Վենետիկի հանձնաժողովին: Որպես ԵԽԽՎ անդամ ես պարբերաբար հանդիպում եմ Վենետիկ հանձնաժողովի անդամներին, այո, նրանք ունեն որոշակի վերապահում ընտրացուցակների հրապարակման հետ կապված, բայց պարո՛ն Մինասյան, վստահեցնում եմ, եթե հրապարակենք ընտրացուցակները և անցկացնենք արդար ընտրություններ, Վենետիկի հանձնաժողովը միանշանակ կողջունի, եթե չհրապարակենք ընտրացուցակները և անցկացնենք այնպիսի ընտրություններ, ինչպիսին անցկացնում ենք մենք, բնականաբար, կարժանանանք միջազգային կառույցների վատ գնահատականին»,- ասաց Զոհրաբյանը:
Անդրադառնալով երկրորդ չընդունված առաջարկին, Զոհրաբյանը նկատեց, որ ընտրությունների ժամանակ «հաշմանդամներին» չգիտես ինչի ուղեկցում են «ահասարսուռ տեսքով վալանտյորներ». «Ինչո՞ւ չընդունվեց այդ առաջարկը, և ահասարսուռ տեսքով վալանտյորների կողմից ընտրախուց բրթվող ընտրողը անպայման ներկայացնի տեղեկանք՝ հաստատող իր հաշմանդամությունը, որ մենք էլ համոզված լինենք, որ մարդը ոչ թե ընտրական հրճվանքի կամ ընտրական ադրենալինից է դարձել ընդամենը 15 րոպեով առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամ, այլ ուղղակիորեն հաշմանդամ է»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով ԲՀԿ-ն չի կարող նման փոփոխությանը կողմ քվեարկել, իսկ թե դեմ, թե ձեռնպահ կքվեարկեն, այդ մասին կհայտարարի վաղը:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ հասկանալով օրենքի կարևորությունը, միևնույն է պնդում է, որ օրենքում մտահոգող կետեր կան։ Ըստ նրա, ինքը հասկանում է, թե այս փոփոխությունները որ քաղաքական ուժերին են հարկավոր և ինչ նպատակ են հետապնդում: Նա էլ մյուս ուժերի պես դժգոհեց, որ իրենց առաջարկները չեն ընդունվել:
ՀՀԿ-ի անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հավատացրեց, որ իրենց նպատակն է օրենքը շտկել: «Եթե մենք ցանկանայինք «տապոռային» քաղաքականություն վարել, ապա օրենքը կփոխեինք, որ նախագահ կարող է թեկնածություն դնել 3-4 անգամ, սակայն սա հեռանկարային փոփոխություն է»,- ասաց նա: