Հայաստան Տնտեսություն գլխավոր 

Էլեկտրաէներգիան կթանկանա, բայց ոչ թե 17 դրամով, այլ 6, 93. վարչապետ

Հովիկ Աբրահամյանը տեղյակ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական եզրակացության է եկել, որ էլեկտրաէներգիան կթանկանա, բայց ոչ թե 17 դրամով, այլ 7: Ավելին՝ վարչապետն ուղղեց,  ոչ թե 7 դրամով կթանկանա, այլ՝ 6, 93:

«Հիմա հաշվարկում ենք, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, բնակչության վրա: Փորձելու ենք նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ այս պահին համապատասխան նախարարությունների կողմից հաշվարկ է արվում: «Ուղղակի թող հանձնաժողովը հաստատի, մենք հետևանքների մասին բարձրաձայն խոսելու ենք: ԱԺ-ում հունիսի 12-ին լսումեր են լինելու,  նախարարությունները կներկայանան և բացատրություն կտան հանրությանը, մենք էլ լինելու ենք շատ թափանցիկ, շատ բաց, որպեսզի հանրությանը բացատրենք այն, ինչ տեղի է ունենալու»,- ասաց նա:

Վարչապետը հավատացրեց, թե պատկան մարմինները օրենքի կետը պաշտպանելու են. «Ես չեմ կարծում, որ որևէ  խնդիր կարող է լինել, խոսում են մեքենաների մասին և այլն և այլն, նման բաղադրիչ չի ընդունվելու, և դա հանձնաժողովը հայտարարել է, և կարծում եմ, կառավարությունը հետամուտ կլինի»:

Հարցին, թե ինչպես է, որ նախարար Զախարյանը հայտարարում է, որ ՀԷՑ-ում գողություն է եղել, մինչդեռ պատժվողներ չկան, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես անկեղծ չեմ լսել, որ ասել է գողություն, ասել է բացթողումներ: Ամեն դեպքում ես հետամուտ կլինեմ՝ հասկանալու ինչի մասին է խոսքը, եթե կա նման բան՝ պետք է դիմել պատկան մարմիններին և հետամուտ լինել»:

Իսկ թե գուցե հենց վարչապետն էլ նախաձեռնի, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե ինքը որևէ  փաստ չունի, եթե լինի անպայման կդիմի:

Դիտարկմանը, որ միայն նպաստառուներին օգնելով հարցը լուծում չի ստանում, քանի որ հասարակ ժողովուրդն էլ մի լավ օրի չի, վարչապետը պատասխանեց. «Ինչու եք նման ձևով վատ տրամադրված, պետք է ամեն ինչ անենք, որ լավանա, մենք այդ գործին ենք լծված, և ես մի քանի անգամ ասել եմ, և հիմա էլ մեկ անգամ ևս ասում եմ, որ երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որ իրականացնելու ենք, և դա բերելու է  տնտեսության ակտիվացմանը  և ժողովրդի բարեկեցությանը»:

Նույն շարքից