Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ես նման դեպքերում զգացմունքներին չեմ տրվում. Ս․ Օհանյանը՝ կնոջը վերաբերող հրապարակումների մասին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին այսօր ԱԺ–ում լրագրողները հարցրեցին նրա կնոջ մասին հրապարակումներից։

Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են համապատասխան ատյաններին, այդ թվում և դատախազությանը, և գործը կամաց-կամաց բացահայտվում է:

«Ես նման դեպքերում զգացմունքներին չեմ տրվում, ինչպես և պատերազմում՝ ես սառնասիրտ եմ գործում, և այս դեպքում էլ»,- ասաց նախարարը:

Հարցին, թե կան տեղեկություններ, որ նախարարը դառնալու է ՀՀ Նախագահի իրավահաջորդը, Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքը ներկայումս պաշտպանության նախարարն է, և առաջարկեց ապրել այսօրվա իրականությամբ:

«Եկեք ապրենք այսօրվա իրականությամբ և այն պատասխանատվությամբ, որը կրում է ՊՆ-ն, նախևառաջ այսօր ես կառավարման համապատասխան ոլորտում իմ տեղն ունեմ, ես հպարտանում եմ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն եմ, իմ ուսերի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն, ընդ որում՝ ձեզ հետ, ժողովրդի հետ միասին, և այդ պատասխանատվությունը ես կրում եմ, պետք չէ այլ բաների մասին մտածել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հարցին, իսկ պատկերացնո՞ւմ է իրեն այդ պաշտոնում, նախարարը հարցին հարցով պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում դրանով ասել, ես էլ ձեզ եմ հարց տալիս»:

Նույն շարքից