Հայաստան Քաղաքական Ռազմական 

Վերջին ժամանակաշրջանում մեր սահմաններում և ԼՂՀ-ում իրավիճակը հանգիստ է. Ս․ Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին ժամանակաշրջանում ՀՀ և ԼՂՀ սահմաններում իրավիճակն ավելի հանգիստ է, չնայած Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքին:

«Հայկական կողմը միշտ արել է այնպես, որ պահպանի հրադադարի ռեժիմը: Հայ զինվորը խաղաղության զինվոր է, և նա ամեն ինչ անում է, որպեսզի ստեղծվի այդ զսպման մեխանիզմը, մեր սահմաններում խաղաղություն տիրի: Ամենակարևորը վստահության մակարդակի ստեղծումն է, որն ամենաէականն է բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ տեղեկություն կար, որ հակառակորդն այսօր կրակոցներ էր արձակել Բաղանիս գյուղի ուղղությամբ, նշեց, որ դրանք սովորական, ամենօրյա գնդակոծություններ են, որոնք ոչ մի արդյունք չեն ունեցել:

«Վերջին ժամանակաշրջանում մեր սահմաններում և ԼՂՀ-ում իրավիճակը հանգիստ է, վերահսկելի է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության բանակի, Զինված ուժերի կողմից, այնպես որ կարող ենք հանդարտ լինել»,- ասաց նա:

Ըստ պաշտպանության նախարարի՝ այս ամենը մեկ անգամ ևս պարտավորեցնում է, որ հայկական կողմն ավելի հետևողական կերպով վերահսկի իրավիճակը, հետևություններ անի և սառնասիրտ որոշումներ կայացնի, և պատրաստ լինի ցանկացած զարգացման:

Հիշեցնենք, որ անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ է եղել: Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Նոյեմբերյանի հատվածում:

Անդրադառնալով ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի Հայաստան տեղափոխվելու մասին հրապարակումներին՝ նախարար Օհանյանը նշեց, թե նման որոշումները կայացվում են ռազմաքաղաքական մակարդակում, և երբ որ որոշումն ընդունվի իրենք կտեղեկացնեն:

Սեյրան Օհանյանի համար հարցը հասկանալի չէր, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ղարաբաղցի պաշտոնյաները տեղափոխվում են Հայաստան: «Ի՞նչ է նշանակում… նրանք պետք է գան և պաշտոնավարեն»:

Նույն շարքից