Հասարակություն 

5 նոր շախմատի դպրոց Երևանում

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 142 եւ 79 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են համապատասխան լուծումներ եւ սպառիչ պատասխաններ: Ընթացքի մեջ է գտնվում 48 հարց: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանմանն ու այդ ուղղությամբ իրականացված հսկողությանը, զեկուցվել է, որ հայտնաբերվել եւ արձանագրվել է 16 դեպք: Իրավախախտումները բացառելու նպատակով հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու խստացնել հսկողությունը:

Զեկուցվել է, որ Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ փետրվարի 14-ին հայտարարված  մրցույթը չի կարող կայանալ՝ մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով:  Ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է խիստ հսկողություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով պայմանագրերով սահմանված մեքենաքանակների ապահովմանը: Ըստ այդմ որոշ կազմակերպություններ ստացել են խիստ նախազգուշացումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու պայմանագրային պարտավորությունները թերի կատարողների նկատմամբ ձեռնարկել օրենքով սահմանված խիստ քայլեր՝ ընդհուպ՝ պայմանագրի լուծում:

Մայրաքաղաքում ավտոկայանումների համար որոշ անձանց կողմից ապօրինի գումարների գանձման դեպքերի հետ կապված՝ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ կիրառել:

«Մենք պետք է լինենք շատ ավելի խիստ եւ հետեւողական: Անընդունելի է, որ մեր համաքաղաքացիները, վճարելով տարեկան կամ որոշակի տուրք վճարովի ավտոկայանատեղիների համար, միաժամանակ մայրաքաղաքի որոշ փողոցներում լրացուցիչ գումարներ են վճարում ինչ-որ անձանց: Վճարովի ավտոկայանտեղիներում ապօրինի գումար գանձողների վերաբերյալ ստացված բոլոր տվյալները պետք է ուղարկել ոչ միայն ոստիկանություն, այլեւ դատախազություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով իրականացվող հսկողության եւ կատարված աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի 17 մանկապարտեզներում կազմակերպված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է այս ուղղությամբ շարունակել վերահսկողությունը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարեւանությամբ կառուցվող Կոմիտասի թանգարանի հարակից տարածքի բարեկարգման եւ կանաչապատման նախագիծը եւ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ:

Քաղաքապետը հանձնարարել է նաեւ սեղմ ժամկետում ներկայացնել 2014 թվականին մայրաքաղաքում շախմատի հինգ նոր դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների եւ նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է շինարարության եւ բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության եւ սոցիալական ապահովության ոլորտներում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Այնուհետ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է  ֆինանսական, եկամուտների հաշվառման եւ գանձման, գնումների բնագավառներում, ինչպես նաեւ ներքին աուդիտի, վարկային որոշ ծրագրերի եւ հանձնաժողովների աշխատանքների 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: 

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն էլ ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված միջոցառումների մասով: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացված հաշվետվություններն ընդունել է ի գիտություն եւ մյուս ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է տարեկան հաշվետվությունները ներկայացնել հաջորդ աշխատանքային խորհրդակցությանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից