Եվրոպական խորհրդարանի երեկվա նիստում պատգամավորների խումբը ակցիա է անցկացրել՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված լրագրողներին ու իրավապաշտպաններին, հայտնում է Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը:
Պատգամավորների խումբը կրել է Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի, Ռասուկ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի և Էմին Հուսեյնովի լուսանկարներով շապիկներ:
Իր ելույթում նախաձեռնության հեղինակը` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկը, հայտարարել է, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների խնդիրները, և Եվրոպական խորհրդարանին կոչ է արել տվյալ հարցի շուրջ ընդունել հատուկ հայտարարություն:
Նիստից առաջ մի շարք առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները տարածել են համատեղ հայտարարություն, որում մտահոգություն են հայտնել Եվրոպական խաղերի շեմին Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ գործադրվող բռնությունների կապակցությամբ: