Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը ներառական կրթության համակարգը զարգացնելու ուղղությամբ բազմակողմանի ծրագրեր է իրականացնում

analitik.am

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ Երեւան քաղաքի դպրոցներում ներառական կրթությանը ներգրավվածությանն  առնչվող հարցեր։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը փոխքաղաքապետին է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարությանը ներկայացրած համապատասխան զեկույցի ընդհանուր դրույթները, ապա ծանուցել,  որ ծրագրել են հանրային արշավ իրականացնել, որին մասնակցելու են հրավիրում խնդրով հետաքրքրված տարբեր կազմակերպությունների եւ կառույցների՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուսումնական բնականոն գործընթացում լիարժեք ներգրավելու նպատակով։

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկել եւ լրացնել ներկայացված առաջարկությունները։ Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանն իր ենթակայության դպրոցներում ներդրված ներառական կրթության համակարգը զարգացնելու ուղղությամբ բազմակողմանի ծրագրեր է իրականացնում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական խոչընդոտները նվազեցնելու համար եւ որպես օրինակ նշել է 2013 եւ 2014թթ. թեքահարթակների կառուցման առանձնացված ծրագիրը։

«Մեր հետաքրքրություններն այս հարցում ընդհանրական են, եւ համոզված եմ՝ համագործակցության եզրեր կգտնենք։ Պատրաստ ենք ձեր առաջարկությունները քննարկել եւ գործնական դաշտ տեղափոխել։ Երկուստեք ունենք բազա, որի հիման վրա կկարողանանք հստակ գործեր կատարել առկա խնդիրների վերացման ուղղությամբ»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Հանդիպմանը ներկա Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հավելել է, որ ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի աշխատանքային այս խմբի հետ համագործակցությունն արդեն բավականաչափ արդյունքներ է գրանցել, ինչը նախանշում է առաջիկա ծրագրերի հաջողությունը։

Նույն շարքից