Գլխավոր Իրավական Հայաստան Քաղաքականություն 

Տիգրան Սարգսյանի հայցի քննությունը հետաձգվեց. պաշտպանական կողմը մտադիր է դատարան հրավիրել նրան

analitik.am

Գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած քաղաքացիական հայցի նախնական քննությունն այսօր՝ հունիսի 9-ին հետաձգվեց Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ երրորդ կողմի՝ փոտոլրագրող Գագիկ Շամշյանի բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է news.am-ը։

Փայլակ Հայրապետյանը, որին նախկին վարչապետը մեղադրում է,զրպարտության մեջ, չէր եկել դատարան: Դատարան չէր եկել նաեւ Տիգրան Սարգսյանը, փոխարենը երկու կողմերից ներկայացել էին ներկայացուցիչներ:

Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ամենայն հավանականությամբ, Տիգրան Սարգսյանը նիստերին չի ներկայանա:

«Մեր վստահորդի կարծիքով եղել է զրպարտություն, մենք համապատասխան հայցադիմում ենք ներկայացրել, որն առայժմ չեմ ցանկանա քննարկել, քանի որ դրա հետ կապված որեւէ դատավարական գործողություն չի կատարվել»,- ասաց նա:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատասխանող կողմը հարցեր ունի, որոնց պատասխանները Տիգրան Սարգսյանի վստահորդը տալ չի կարող, այդ պատճառով իրենք կմիջնորդեն, որ նախկին վարչապետը  դատարան ներկայանա եւ ցուցմունք տա: Նա նշեց, որ իրենց հետաքրքիր է՝ ինչու է Տիգրան Սարգսյանը վիրավորվել մամուլում այս տարվա մարտ ամսին հրապարկված՝ Փայլակ Հայրապետյանի մեղադրանքներից այն դեպքում, երբ այդ մեղադրանքներն առաջին անգամ չէին հնչեցվում:

«Այդ մեղադրանքները, որոնք հայտնի օֆշորային պատմությանն են վերաբերում,  բազմիցս շրջանառվել են մամուլում: Խոսքն այն մասին է, որ կան մի քանի օֆշորային ընկերություններ, որոնցից մեկի տերը Տիգրան Սարգսյանն է: Դրանք սնանկության են հասցրել իմ վստահորդին՝ Փայլակ Հայրապետյանին: Նա էլ իր հարցազրույցում նշել է, որ 7 ու կես միլիոն դոլար գումար է փոխանցվել Տիգրան Սարգսյանի հաշվին ու նա պետք է գա, քննություն տա, ասի, թե այդ գումարները որտեղ է ծախսել»,- ասաց Գրիշա Բալասանյանը:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ այդ ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել  33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել գործարար Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ հեռացել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:

Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի ունեցվածքն իրենից խլելու պատմության մեջ մեղադրում էր ոչ միայն Աշոտ Սուքիասյանին, այլեւ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին: Սակայն նրանցից այսօր մեղադրյալի աթոռին է միայն Աշոտ Սուքիասյանը:

Նշենք, որ  Տիգրան Սարգսյանը պահանջում է իր կարծիքով զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և մեկ միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձել:

Նույն շարքից