Երեւանի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու եւ բնակիչների համար որակյալ սպասարկում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է սահմանել հստակ աշխատակարգ եւ ամենօրյա աշխատանք տանել համատիրությունների հետ ոլորտում առկա թերությունները շտկելու եւ բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին հրատապ լուծումներ տալու համար:
«Երեւանցիների համար անխափան եւ որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Եվ այս հարցում մենք ակնկալում ենք ոչ թե ձեւական, այլ կոնկրետ եւ նպատակային քայլեր: Ինչպես մեզ, այնպես էլ բնակիչներին չի կարող գոհացնել այն, որ մատակարարվող ջրի ճնշումը պատշաճ է միայն այն դեպքում, երբ ընկերության տեսուչն է այցելում բնակարաններ: Վերանայեք ձեր աշխատաոճը եւ մի մոռացեք, որ հենց մեր բնակիչները, ովքեր նաեւ ձեր բաժանորդներն են, արդարացիորեն պահանջում են որակյալ ծառայության մատուցում, ինչն, ի դեպ, ձեր պայմանագրային պարտավորությունն է երեւանցու առաջ: Ըստ այդմ, հետեւողական աշխատանք տարեք բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորին կարճ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել աշխատակազմի պատասխանատուներին եւս սերտորեն աշխատել համատիրությունների հետ եւ արագ արձագանքել բնակիչների կողմից բարձրացված դժգոհություններին: