Ադրբեջանի իշխանությունն Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին խորհուրդ է տվել իրենց այցը հետաձգել մինչև Բաքվում կավարտվի «Եվրոպական խաղեր 2015»–ը, ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կազմակերպության ներկայացուցիչները պետք է ճեպազրույց անցկացնեն, որը կրելու է «Ադրբեջան. խաղեր ռեպրեսիայում։ Ձայն, որը լսելի չէ Եվրոպական խաղերում» (Azerbaijan: the Repression Games. The voices you won"t hear at the first European Games) խորագիրը։
Ինչպես հայտնում են իրավապաշտպանները, ճեպազրույցը պետք է նվիրված լիներ նրան, թե ինչպես են «վերջին տարում ադրբեջանցի լրագրողները, իրավապաշտպանները, ընդդիմության մասնակիցներն ու ժողովրդավարությանը միտված երիտասարդությունը հետապնդումների, ձերբակալությունների և կալանավորման ենթարկվել» Եվրոպական խաղերի մոտենալուն զուգընթաց։
Երեքշաբթի երեկոյան Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը Amnesty International–ին տեղեկացրել է, որ «ներկայում Ադրբեջանն ի վիճակի չէ ընդունել կազմակերպության առաքելությանը»։