Մայրության և գեղեցկության օրվա տոնական շնչով առլեցուն են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի տարբեր հատվածներում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ են հանձնվում գարնանային Երևանում զբոսնող բոլոր կանանց ու պարզապես կին անցորդներին: Մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական հատվածներում տեղադրված օրը խորհրդանշող գունազարդ տոնական մեծ զամբյուղների ծաղիկները օրվա հոբելյարների համար են:
Շնորհակալություն հայտնելով տոնին նվիրված ջերմ ու յուրօրինակ վերաբերմունքի համար, կանայք ու աղջիկները հաճելիորեն նկատել են, որ ցանկացած տոնական օր մայրաքաղաք Երևանում իսկական տոնախմբության է վերածվում: