Առողջապահություն գլխավոր 

Գարունը և ամառը համարվում են ինքնասպանությունների սեզոն. սոցիոլոգ

Գարունը և ամառը համարվում են ինքնասպանությունների սեզոն. հիմնականում այդ շրջանում է ինքնասպանությունների թիվը ավելանում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա ներկայացրեց մոտավոր վիճակագրություն, ըստ որի՝ աշխարհում ինքնասպանության 20 մլն. փորձ է լինում, որից իրականցվում է 4 մլն-ը, սակայն գրանցվում է մեկ միլիոն  հարյուր հազարը:

«Ավտոտրանսպորտային պատահարների, կենցաղային թունավորումների, գետում խեղդվելու դեպքերի զգալի մասը թաքնված ինքնասպանության փորձեր են»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը և նշեց, որ Հայաստանում 2014 թվականին  ինքնասպանության փորձի յոթ հարյուր դեպք է գրանցվել, որից 168-ը  մահվամբ է ավարտվել, իսկ չստացված 532 փորձերից  290-ը եղել է կին:

«Ինքնասպանության փորձ կատարողների հիսուն տոկոսից ավելին պատկանում են 30-65 տարիքային խմբին, 20 տոկոսը մինչ 30 տարեկաններն են, 20-25 տոկոսը թոշակառու մարդիկ են»,-ասաց սոցիոլոգը և ներկայացրեց տվյալներ, ըստ որոնց՝ ինքնասպանության ավելի շատ հակված են երաժիշտները, բուժքույրները, հոգեբուժները: Սոցիոլոգը նշեց, որ ինքնասպանություն փորձ կատարողների 80 տոկոսը, եթե հետ են պահում դրանից, հետագայում հրաժարվում է այդ մտքից:

«Ինքնասպանների 80 տոկոսը զգացնել է տալիս, որ այդ քայլին գնալու է»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանն ընդհանուր առմամբ 170 երկրների թվում ինքնասպանությունների քանակությամբ 151 է:

Նա կարևորեց երեխաների դաստիարակության ժամանակ կիրառած բառապաշարը. «գլուխդ կկոտրեմ», «աչքերդ կհանեմ», «չծնվեիր» և նման արտահայտությունները իրենց հետքը թողնում են հետագայում երեխայի հոգեբանության մեջ։

Հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ մարդկանց հիմնականում ինքնասպանության է դրդում կորուստը, օրինակ երբ անձը խաղամոլության պատճառով մեծ գումար է կորցնում,  ինչպես նաև մերժված սիրո դեպքերը, անելանելիության վիճակը ևս կարող են հանգեցնել ինքնասպանությանը:

«Առաջին պատճառը դեպրեսիոն վիճակն է, իսկ դեպրեսիայի պատճառները միլիոնավոր կարող են լինել»,-ասաց նա  և նշեց նաև, որ հոգեկան հիվանդությունից դուրս գալուց հետո շատ են լինում ինքնասպանության դեպքեր:

Նա որպես կանխարգելիչ միջոց համարեց «վստահության հեռախոսը», որը Հայաստանում ընդունված չէ:

 

Նույն շարքից