Գլխավոր Իրավական 

Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին հարուցված գործով ձերբակալվել է երկու մարդ. ՔԿ

analitik.am

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետՍուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու հոգի։

Ինչպես հաղորդում է Հայաստանի Քննչական կոմիտեն, Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել եղբայրներ Հարություն և Մուշեղ Զաքարյանները։

Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ կիրառված բռնի գործողությունների հետևանքով Հարություն Զաքարյանին պատճառվել է ծանր, իսկ եղբորը՝ Մուշեղ Զաքարյանին, միջին ծանրության մարմնական վնաս։

Նախաքննության ընթացքում  պարզվել է  Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրած անձանց ինքնությունը։ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, այն է՝ մի խումբ անձանց կողմից Մ.Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով հունիսի 9-ին ձերբակալվել է երկու անձ։

Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ տեղի ունեցած միջադեպին ներկա բոլոր անձանց գործողությունները, մասնակցության աստիճանը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ գործի վերաբերյալ նյութեր պատրաստելու ընթացքում ոստիկանության աշխատակցիները ներկայացրել են զեկույցներ, որոնց համապատասխան ժամը 16։00–ի շրջանում Զաքարյան եղբայրներից մեկը վիճել է Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո նրանք գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց միացել են այլ անձինք։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Զաքարյան եղբայրները ստացել են մարմնական վնասվածքներ։

Նույն շարքից