Գլխավոր Սպորտ 

Շատ դժվար կլինի Եվրո-2016–ի ուղեգիր նվաճելը, բայց, իմ կարծիքով, ամեն ինչ դեռ կորած չէ․ Հովհաննիսյան

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դեռ պահպանում է 2016թ.–ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը, կարծում է Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի անվանի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։

Հունիսի 13-ին տեղական ժամանակով 20։ 00–ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:

«Իհարկե, շատ դժվար կլինի Եվրո-2016–ի ուղեգիր նվաճելը, բայց, իմ կարծիքով, ամեն ինչ դեռ կորած չէ։ Մեր թիմն ունի ևս չորս խաղ, իսկ ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել»,– ասաց Հովհաննիսյանը Sputnik-Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով` Պորտուգալիայի հավաքականի հետ հայկական թիմը Երևանում միշտ հաջող է խաղացել։

«Մենք գրեթե միշտ մինչև վերջ պայքարել ենք պորտուգալացիների դեմ։ Իհարկե, մենք բոլորս գիտենք,որ Պորտուգալիայի հավաքականը շատ հզոր թիմ է, սակայն Երևանում մեզ միշտ հաջողվել է նրանց հետ լավ խաղալ»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով` Հայաստանի հավաքականի խաղացողները լավ արդյունքի հասնելու համար պետք է մտածեն միայն հաղթանակի մասին։

«Սակայն դա չի նշանակում, որ պետք է այդ խաղում միայն առաջ գնալ, ինչպես Չապաևը։ Մեր խաղացողները պետք է շատ զգույշ լինեն պորտուգալացիների հակագրոհների ժամանակ։ Եթե մեզ դա հաջողվի, կարծում եմ` մենք կհասնենք ցանկալի արդյունքի»,– հավելեց Հովհաննիսյանը։

Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկ միավորով կիսում է վերջին տեղը սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստներն անցկացրել են չորս խաղ` մեկ խաղով ավել, քան սերբերը։

Չորս հանդիպումներից հետո 9 միավորով խմբի առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (3 խաղ) և Դանիայի (4 խաղ) հավաքականները։

Նույն շարքից