Հայաստան Քաղաքական 

Գալուստ Սահակյանն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ողջունելով Ճեն Չանջիի այցը Հայաստան` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանի Խուբեյ նահանգում` Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

ԱԺ նախագահը կարևորել է հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները` նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է: Գալուստ Սահակյանը փաստել է, որ երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումները կարևոր և խթանիչ դեր են ունենում միջպետական հարաբերությունների և բազմակողմանի համագործակցության առաջընթացի համար:

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՉԺՀ կատարած պետական այցը, որը նոր ազդակ է հաղորդել մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև միջխորհրդարանական փոխգործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` մեր խորհրդարաններում ստեղծված բարեկամական խմբերի գործունեությունը կարևոր խթան է միջխորհրդարանական կապերի ամրապնդման և զարգացման համար:

 

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել ՉԺՀ դրական ներդրումը աշխարհում խաղաղաղության և կայունության ապահովման և անվտանգ միջազգային մթնոլորտի ստեղծման գործում: Նա նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից Հայաստանը հետևողականորեն սկզբունքային դիրքորոշում է հայտնում և աջակցում է Չինաստանի համար բոլոր կարևոր հարցերում, այդ թվում «Միասնական Չինաստանի» սկզբունքին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահն ասել է, որ այն շարունակում է Հայաստանի համար կենսական կարևորություն ունենալ: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ ղարաբաղյան հարցում հավասարակշիռ դիրքորոշման և հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանն աջակցելու համար:

Զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նշել է, որ ապրիլի 22-24-ը Հայաստանում կայացած Գլոբալ ֆորումին և Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցել են մոտ 60 երկրներից ժամանած 600 ավելի ներկայացուցիչ:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ և նշել է, որ մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձևավորմանը՝ հաշվի առնելով, որ խորհրդարանականները կարող են կարևոր դեր ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում:

ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս կարևորել է երկու երկրների խորհրդարանների ակտիվ շփումները: Ճեն Չանջը պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջպետական համագործակցության առավել զարգացմանը և տարբեր ծրագրերի իրականացմանը: Նա կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության զարգացումը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Ճեն Չանջը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով:

Ճեն Չանջը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին պաշտոնական այցով հրավիրել է Չինաստան:

Հանդիպման ավարտին Ճեն Չանջը գրառում է կատարել Ազգային ժողովի Պատվավոր հյուրերի գրքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նույն շարքից