Հռոմի պապի կարգադրությամբ կստեղծվի հատուկ դատարան, որն ուսումնասիրելու է այն կաթոլիկ եպիսկոպոսների գործերը, որոնք թաքցնում են իրենց ենթակայության տակ գտնվող քահանաների կողմից երեխաների դեմ սեռական բռնության դեպքերը։
Նոր դատական մեխանիզմը կգործի Վատիկանի «նախարարության» Հավատքի միաբանության ուսմունքի շրջանակում, որի իրավասության տակ է գտնվում դավանաբանության մաքրությանն ու բարոյականությանը հետևելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը։
Մինչ այս եպիսկոպոսները փաստացի պատասխանատվություն չէին կրում իրենց թեմում սեռական բռնության դեպքերի հետ կապված տեղեկատվությունը թաքցնելու համար։ Ընդ որում` ապրիլի վերջին Հռոմի պապը պաշտոնանկ էր արել ամերիկացի եպիսկոպոս Ռոբերտ Ֆինին, որը մանկապղծության հետ կապված աղմկահարույց պատմության մասնակից էր դարձել։