Հայաստան Քաղաքական 

Կառավարությունն ԱԺ ամբիոն է գործուղում «չարքաշ փոխնախարարների». Ն․ Փաշինյան

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  խոսեց իր նկատած այն միտումի մասին, որ Կառավարությունն ԱԺ ամբիոն է գործուղում «չարքաշ փոխնախարարների»։

«Երեկ էլ բյուջեի կատարողականի քննարկման հիմնական զեկուցող էր նշանակվել Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ով իմ տպավորությամբ պարկեշտ ու աշխատասեր անձնավորություն է, բայց Կառավարության անդամ չէ և չի մտնում Կառավարության որոշումներ կայացնող անձանց մեջ, իսկ բյուջեի կատարողականը քաղաքական փաստաթուղթ է և ոչ թե հաշվապահական մատյան»,– ասաց նա։

«Այսօր էլ վարչապետն ու նախարարներն են հարցերին պատասխանում, որովհետև Սահմանադրությունն այսօրվա նիստի համար տվել է տարընթերցումներ, կարծում եմ Սահմանադրությունը պետք է ներողություն խնդրի մեր Կառավարության անդամներից, որովհետև չի գիտակցում, թե ինչքան բազմազբաղ,  հազար ու մի բիզնեսի տեր են մեր Կառավարության անդամները, ու հիմա փոխանակ մի կարգին օբյեկտում՝ մի կտոր հացի շուրջ քննարկեին բիզնեսի ու ատկատների հետ կապված հարցեր, ստիպված են ժամուկես անցկացնել նման մթնոլորտում»,- ասաց Փաշինյանը:

 

Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով  նշեց, թե պատգամավորը չի կարող որևէ դեպք արձանագրել, որ իր՝ վարչապետ նշանակվելուց հետո Կառավարությունը անհարգալից վերաբերմունք կա ԱԺ-ի նկատմամբ։

 

«Եթե Ատոմ Ջանջուղազյանն է ներկայացնում հաշվետվություն, դա չի նշանակում, որ արհամարհանք է ԱԺ-ի նկատմամբ, պարզապես մենք նպատակահարմար ենք գտել, որ հենց ինքը ներկայացնի, քանի որ երկար տարիների փորձ ունի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ Կառավարության աշխատանքը միտված է առկա խնդիրներին լուծում տալուն։ «Պարո՛ն Փաշինյան, մեր նպատակն է միասին աշխատենք, և բոլոր խնդիրները պետության առջև ծառացած լուծում տանք: Պարո՛ն Փաշինյան հուսով ենք Դուք մեզ կաջակցեք»,- եզրափակեց վարչապետը:

 

Նույն շարքից