Հայաստան Քաղաքական 

Մարդիկ կան, որ այս կինոյում իրենց դերը լավ չեն տանում․ Վ․ Էնֆիաջյանը՝ Ն․ Փաշինյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մինչ բուն հարցին անդրադառնալը նշեց, թե միշտ ինքը փորձել է այս բարձր ամբիոնն օգտագործել ըստ էության,  բայց ընդգծեց, թե մի փոքր ակնարկով կանդրադառնա ավելի վաղ հնչեցված հարցին:

Նա նկատի ուներ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, որը վերաբերում էր ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում հարկային ստուգումներին:

«Նախ խոսելով կինոյից, պետք է ասեմ, որ մարդիկ կան, որ այս կինոյում իրենց դերը լավ չեն տանում և եթե ինչ-որ բան ասում են, ուրեմն բարի լինեն, նաև իրենց պատասխանները լսեն»,-ասաց նա և անցավ բուն հարցին, որն ըստ նրա, քաղաքացիներն ավելի են կարևորում:

Նրա հարցը վերաբերում էր կառավարության՝ Վրաստան կատարած այցին: «Օրակարգում ի՞նչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հարևան Վրաստանում: Քննարկվե՞լ է արդյոք Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը»,-հարցրեց նա:

 

Հարցին պատասխանեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նշեց, որ Վրաստանի հետ կապակցվող կամուրջ կկառուցվի հավասար պայմաններով և հավասար ներդրումներով, այն դեպքում, երբ մինչ այցն այդ կամուրջը պետք է կառուցեր ՀՀ-ի միջոցներով:

Իրան-Հայաստան երկաթուղու հետ կապված հարցն ըստ նախարարի՝ քննարկում են: «Բայց ավելի շատ քննարկվում է հարցը Իրանի և ներդրողների հետ: Նախագահը Չինաստանում որոշ պայմանավորվածություն է ձեռք բերել Չինաստանի կառավարության հետ: Չինաստանի կառավարությունն այս պրոյեկտի հետ կապված ունի հրաշալի մոտեցում, որը իրենք անվանում են Մետաքսյա ճանապարհ և որի համար 40 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացրել»,-ասաց նա:

Բեգլարյանը նշեց, որ ինչպես իրենք, այնպես էլ նույն չինական կողմը ուսումնասիրություն է արել և պարզել, որ 3,2 մլրդ դոլար գումար է անհրաժեշտ: Բեգլարյանը նշեց, որ 400 մլն իրանական կողմից պետք է լիներ՝ աշխատանքն սկսելու ժամանակ: «Բայց քանի որ ծրագիրը մեծ է, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ մոտ ապագայում պետք է համաձայնության գանք, ու ծրագիրը հասցնենք նպատակին»,-ասաց նա:

Գագիկ Բեգլարյանը վերջում նշեց, թե Վրաստան այցի շրջանակում էլի դրական պայմանավորվածություններ կան: «Էլի շատ լավ բաներ կան, բայց մինչև կյանքի չկոչվի՝ ձեզ չենք ասելու»,-եզրափակեց նա:

Նույն շարքից